Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուք ինձ սպիտակեղեն եք ուղարկել նվեր, բայց լսեցեք, Մակար Ալեքսեևիչ, չէ՞, որ դուք դրանով քանդվում եք։ Հանաք բա՞ն է, ինչ է, այնքան եք ծախսել ինձ վրա, սարսափելի շատ փող։ Ա՜խ, այդ ի՞նչ սովորություն է, որ դուք սիրում եք փողերը դեսուդեն շպրտել։ Ինձ հարկավոր չէ, այդ բոլորը միանգամայն ավելորդ էր։ Ես գիտեմ և հավատացած եմ, որ ինձ սիրում եք. հավատացնում եմ, ավելորդ է, որ այդ հիշեցնում եք ինձ նվերներով, իսկ ինձ համար ծանր է ձեզնից նվերներ ընդունելը, որովհետև գիտեմ, թե ինչ են նստում ձեզ վրա։ Մի անգամ և առմիշտ ասում եմ, բավական է, լսո՞ւմ եք։ Խնդրում եմ, աղաչում եմ ձեզ։ Դուք խնդրում եք, Մակար Ալեքսեևիչ, որ ուղարկեմ ձեզ հուշատետրիս շարունակությունը, ուզում եք, որ վերջացնեմ։ Ես չգիտեմ, թե ինչպես էր գրվել այն էլ, ինչ որ գրել եմ։ Բայց ես ուժ չեմ ունենա այժմ խոսելու իմ անցյալի մասին, ես մտածել անգամ չեմ ուզում այդ մասին, ես սարսափում եմ այդ հիշողություններից։ Իսկ խոսել իմ խեղճ մայրիկի մասին, որ իր դժբախտ զավակին ավար թողեց այդ հրեշների ձեռքին, այդ ամենից ավելի ծանր է ինձ համար։ Սիրտս արնաքամ է լինում, որ հիշում եմ այդ։ Այս բոլորը դեռևս այնքան թարմ է, ոչ միայն հանգստանալ, այլև խելքս դեռ գլուխս չեմ ժողովել, թեև մի տարուց ավելի է անցել։ Բայց դուք գիտեք ամեն բան։

Ես ձեզ ասացի, թե Աննա Ֆյոդորովնան ինչեր է ասում այժմ, նա ինձ է մեղադրում, թե երախտամոռ եմ եղել, և ոչ մի մեղադրանք չի ընդունում, որ ինքը գործակից է եղել պարոն Բըկովի հետ։ Նա կանչում է ինձ իր մոտ. ասում է, թե ես մուրացկանություն եմ անում, թե ես վատ ճանապարհով եմ գնացել։ Ասում է, որ եթե վերադառնամ իր մոտ, ինքը հանձն է առնում գործը դրստել պարոն Բըկովի հետ և ստիպել նրան, որ իր մեղքը քավի իմ առջև։ Ասում է, թե Բըկովն ուզում է օժիտ տալ ինձ։ Աստված նրանց հետ։ Այստեղ էլ շատ լավ եմ զգում ինձ ձեզ հետ, իմ բարի Ֆեդորայի մոտ, որն իր անձնվիրությամբ հիշեցնում է ինձ իմ հանգուցյալ դայակին։ Դուք թեև հեռավոր ազգական եք ինձ, բայց պաշտպանում եք ինձ ձեր անունով։ Իսկ նրանց չեմ ուզում ճանաչել, կմոռանամ նրանց, եթե կարողանամ։ Էլ