Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կա, թե ահա իսկապես այն պատճառով է նա դեպի ինձ բարեհաճ կերպով վերաբերվում, որ ես արտագրում եմ: Բամբասանքներին մի՛ հավատաք, ջանիկս, գարշելի բամբասանքներին մի՛ հավատաք։ Ոչ, այդ ես ինքս իմ կամքով նրան հաճույք պատճառելու համար եմ անում, իսկ որ նա դեպի ինձ բարեհաճ կերպով է վերաբերվում, այդ էլ ինձ հաճույք պատճառելու համար է անում։ Ես վարմունքի քաղաքավարությունը հասկանում եմ, ջանիկս։ Նա բարի, շատ բարի մարդ է և աննման գրող։

Իսկ լավ բան է գրականությունը, Վարինկա, շատ լավ. այդ ես երեկ չէ մեկել օրն իմացա նրանցից։ Խորը բան է։ Սիրտը պնդացնող, սովորեցնող, և այդ ամենի մասին ուրիշ բան է գրված նրանց մոտ գրքի մեջ։ Շատ լավ է գրված։ Գրականությունը, դա պատկեր է, այսինքն, մի տեսակ պատկեր և հայելի, կրքի արտահայտություն, այնպիսի նուրբ քննադատություն, խրատական ուսուցմունք և դոկումենտ։ Այս բոլորը ես նրանց մոտ նկատեցի։ Անկեղծ ասեմ ձեզ, ջանիկս, նստած եմ նրանց մեջ, լսում եմ (նրանց պես ես էլ չիբուխ եմ քաշում), ու հենց որ սկսում են մրցել ու վիճել զանազան բաների մասին, այստեղ արդեն, ջանիկս, ես ուղղակի փաս եմ լինում, այստեղ, ջանիկս, ես էլ, դու էլ պարզապես փաս կլինենք։ Այստեղ ես ուղղակի ապուշի պես նստած եմ մնում, ինքս ինձնից ամաչում, այնպես որ ամբողջ երեկույթի ընթացքում աշխատում եմ, թե ինչպես անեմ, որ րնդհանուր խոսակցության մեջ գեթ մի կես խոսք էլ ես ասեմ ու թարսի պես այդ կես խոսքն էլ չկա ու չկա։ Ու ցավում եմ, Վարինկա, ինքս ինձ վրա, որ ոչ այս եմ, ոչ այն, առածի պես մեծացել եմ, խելքս չի հասել։ Դե՛, ի՞նչ եմ անում ես այժմ։— Քնում եմ հիմարի պես։ Այնինչ անհարկի քնելու տեղ կարելի էր հաճելի բանով զբաղվել, օրինակ՝ նստել և գրել։ Ինձ էլ օգուտ կտար, ուրիշի համար էլ լավ կլիներ։ Մեկ դուք տեսեք, ջանիկս, թե որքան են վերցնում նրանք, տեր իմ աստված։ Ա՜յ, հենց Ռատազյայևը, ինչքա՜ն է վերցնում։ Ի՞նչ բան է նրա համար մի թերթ գրելը։ Օր է պատահում, որ հինգ թերթ էլ է գրում և ամեն մի թերթի համար, ասում է, երեք հարյուր ռուբլի եմ վերցնում։ Կգրի որևէ մի պստիկ անեկդոտ, կամ հետաքրքրական որևէ