Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այն ժամանակ կազակի թուրը կբարձրանա նրանց գլխին և կշառաչի,— գոռաց Երմակը, վայրենի կերպով խաղացնելով աչքերը»։

Հիմա տեսնենք, Վարինկա, թե ինչ է անում Երմակը, երբ իմանում է, որ իր Զուլեյկան սրախողխող է եղած։ Կույր ծերունին, Կուշումը, օգտվելով գիշերվա մթությունից, Երմակի բացակայության ժամանակ ծածուկ մտնում է նրա վրանը և մորթում իր աղջկան, կամենալով մահացու հարված հասցնել Երմակին, որ զրկել էր նրան գայիսոնից և գահից։

«— Սիրում եմ երկաթը զրնգացնել քարի վրա,— գոչեց Երմակը վայրենի կատաղության մեջ, իր պողպատյա թուրը սրելով շամանյան քարի վրա։— Ինձ հարկավոր է նրանց արյունը, արյունը։ Նրանց պետք է սղոցե՛լ, սղոցե՛լ, սղոցե՛լ»։

Եվ սրանից հետո Երմակն այլևս չկարողանալով ապրել իր Զուլեյկայից հետո, իրեն գցում է Իրտիշ գետը, և դրանով ամեն բան վերջանում է։

Իսկ, օրինակ, այս փոքրիկ կտորը, որ գրված է նկարագրական կատակի ձևով՝ իսկապես ծիծաղեցնելու համար։

«Ճանաչո՞ւմ եք դուք Իվան Պրոկոֆևիչ Ժելտոպուզին։ Այ հենց նա, որ կծել էր Պրոկոֆիյ Իվանովիչի ոտը։ Իվան Պրոկոֆևիչը խիստ բնավորության, բայց հազվագյուտ առաքինությունների տեր մարդ է. ընդհակառակը, Պրոկոֆիյ Իվանովիչը չափազանց սիրում է սև բողկը մեղրով։ Ահա, երբ որ նրա հետ դեռևս ծանոթ էր Պելագեյա Անտոնովնան... Իսկ դուք ճանաչու՞մ եք Պելագեյա Անտոնովնային։ Այ, հենց նա, որ շրջազգեստը միշտ շուռ տված է հագնում»։

Այս հո մազալու բան է, Վարինկա, ուղղակի մազալու։ Մենք ծիծաղից թուլանում էինք, որ նա կարդում էր այս։ Ինչ տեսակ մարդ է, տե՛ր իմ աստված։ Ասենք, ջանիկս, թեև մի քիչ մազալու է և արդեն չափազանց ծիծաղաշարժ, բայց անմեղ բան է, առանց ամենաչնչին ազատամտության և լիբերալ մտքերի։ Պետք է նկատել, ջանիկս, որ Ռատազյայևը գեղեցիկ վարքի տեր մարդ է, ուստի և գերազանց գրող, և ոչ թե մյուս գրողների նման։