Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիմա ինչ եմ ասում, երբեմն խելքս փչում է... ասում եմ, ի՞նչ կլինի իսկապես, որ ես էլ գրեմ որևէ բան. հա, ի՞նչ կլինի այն ժամանակ։ Այ, օրինակ, գցենք թե հանկարծ, ոչ այս, ոչ այն, լույս տեսավ մի գրքույկ — Բանաստեղծություններ Մակար Դևուշկինի վերնագրով։ Հը՞, ի՞նչ կասեիք այն ժամանակ, իմ հրեշտակիկ։ Ի՞նչպես կներկայանար ձեզ այս բանը և ի՞նչ կմտածեիք։ Իսկ իմ մասին կասեմ, ջանիկս, որ հենց որ գրքույկս լույս տեսներ, այն ժամանակ ես բոլորովին չէի համարձակվի Նևսկու վրա երևալ։ Ինչի՞ նման կլիներ, որ ամեն մեկն ասեր, թե հրես գալիս է գրականության հեղինակ և բանաստեղծ Դևուշկինը, թե հրես, հենց սա է ինքը Դևուշկինը։ Դե՛, այն ժամանակ ի՞նչ պիտի անեի, օրինակ, իմ կոշիկներով։ Ի միջի այլոց, նկատեմ ձեզ, ջանիկս, որ կոշիկներս համարյա թե միշտ կարկատած են, տակերն էլ, ճիշտն ասեմ, երբեմն հետ եմ մնում շատ անվայելուչ կերպով։ Դե՛, ի՞նչ կլիներ այն ժամանակ, երբ ամենքն իմանային, որ ահա հեղինակող Դևուշկինի կոշիկները կարկատած են։ Որևէ մի կոնտեսսա-դյուշեսսան[1]), ո՛ր իմանար, նա ի՞նչ կասեր, հոգյակը։ Նա գուցե թե չնկատի էլ. որովհետև կոնտեսսաները, ինչպես կարծում եմ ես, կոշիկներով չեն զբաղվում, այն էլ չինովնիկների կոշիկներով (որովհետև չէ՞ որ կոշիկներ էլ կան, կոշիկներ էլ), բայց թե նրան կպատմեին ամեն ինչ իմ բարեկամները, կմատնեին ինձ։ Ա՛յ, հենց Ռատազյայևը առաջինը կլիներ, որ կմատներ, նա կոմսուհի Վ.-ի մոտ գնում է, ասում է, որ ամեն անգամ լինում է նրա մոտ, և առանց այլևայլության լինում։ Ասում է՝ այնպիսի մի հոգյակ է, այնպիսի գրականական դամա։ Զալում մարդ է այդ Ռատազյայևը։

Սակայն բավական է այս մասին, չէ՞ որ այս բոլորը ես գրում եմ հենց այնպես, իմ հրեշտակիկ, գրում եմ կատակով, որ ձեզ ծիծաղեցնեմ։ Մնաք բարյավ, իմ աղավնյակ։ Շատ բան խզմզեցի այստեղ, բայց այդ իսկապես այն

  1. «Կոնտեսսա-դյուշեսսա — ծաղրական անուն, որ Դևուշկինը տալիս ազնվական ծագում ունեցող հերոսուհիներին (comtesse ֆրանսերեն — կոմսուհի, duchesse) — հերց ականի» — այս ծանոթությունը Նար-Դոսը գրել է և ապա ջնջել։ (Ծ. Ռ. Զարյանի)։