Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով, որ այսօր ես ամենաուրախ հոգեկան տրամադրության մեջ եմ։ Այսօր ամենքս միասին ճաշեցինք Ռատազյայևի մոտ, այնպիսի (չարաճճիներ են նրանք, ջանիկս) ռոմանների մեջ մտան, որ... դե ի՞նչ հարկ կա գրելու ձեզ այս մասին։ Բայց չլինեմ-չիմանամ՝ որևէ կարծիք տանեք իմ մասին, Վարինկա։ Ես այս բոլորն ասում եմ հենց այնպես։ Գրքույկներ կուղարկեմ, անպատճառ կուղարկեմ... Այստեղ ձեռքից ձեռք է անցնում Պոլ-դը-Կոկի մի գրվածքը, միայն թե Պոլ-դը-Կոկը ձեզ չի կարելի, ջանիկս... Ո՛չ, ո՛չ, ձեզ համար Պոլ-դը-Կոկը անպետք է։ Նրա մասին ասում են, ջանիկս, որ նա Պետերբուրգի բոլոր կրիտիկոսներին ազնիվ զայրույթ է պատճառում։ Ուղարկում եմ ձեզ մի ֆունտ կանֆետ. հատկապես ձեզ համար եմ առել։ Անուշ արեք, ջանիկս, և ամեն մի կանֆետն անուշ անելիս հիշեցեք ինձ։ Միայն սառը շաքարը մի ծամեք, այլ ծծեցեք միայն, թե չէ ատամներդ կցավեն։ Իսկ դուք գուցե ցուկատներ էլ եք սիրում, գրեցեք։ Դե՛, մնաք բարով, մնաք բարով։ Քրիստոսը ձեզ հետ, աղավնյակդ իմ։ Իսկ ես մնամ առ միշտ։

Ձեր ամենահավատարիմ բարեկամ

Մակար Դեվուշկին։


Հունիսի 21

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Ֆեդորան ասում է, որ եթե ես ուզենամ, ապա մի քանի մարդիկ հաճությամբ կկարեկցեն ինձ, և կաշխատեն շատ լավ տեղ ճարել ինձ համար մի տան մեջ դաստիարակչուհու պաշտոնով։ Ի՞նչ եք կարծում, իմ բարեկամ, գնա՞մ, թե ոչ։ Իհարկե, այն մամանակ ես բեռ չեմ լինի ձեզ համար, տեղն էլ կարծեմ շահավետ է, բայց մյուս կողմից մի տեսակ սիրտս չի գալիս գնալ անծանոթ տուն։ Նրանք ինչ-որ կալվածատերեր են։ Կսկսեն տեղեկանալ, հարցնել, հետաքրքրվել, դե՛, ի՞նչ պիտի ասեմ այն ժամանակ։ Բացի այդ, ես քաշվում, փախչում եմ մարդկանցից։ Սիրում եմ պինդ նստած մնալ սովորական անկյունումս։ Մի տեսակ լավ ես զգում քեզ, ուր սովոր ես․ թեև վայնաչարի ես ապրում, բայց և այնպես լավ է այդպես։ Բացի այդ, պետք է ուրիշ տեղ տանեն,