Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆրակը կծախեմ, շապկանց ման կգամ փողոցներում և չեմ թողնի ձեզ կարիքի մեջ։ Ոչ, Վարինկա, ոչ, ես ձեզ ճանաչում եմ։ Դա խելառություն է, պարզ խելառություն։ Իսկ ինչ որ ճշմարիտ է, այդ այն է, որ ամեն բանում մենակ Ֆեդորան է մեղավոր, այդ հիմար կինը, ինչպես երևում է, հանել է ձեզ խելքից։ Բայց դուք, ջանիկս, մի՛ հավատաք նրան։ Անշուշտ դուք դեռևս բոլորը չգիտեք... Նա հիմար կին է, կռվարար, դատարկամիտ, իր հանգուցյալ մարդուն էլ գերեզման դրեց։ Կամ թե, ով գիտե, նա որևէ բանով չարացրե՞լ է ձեզ։ Ոչ, ոչ, ջանիկս, ո՛չ մի պայմանով։ Հապա ես ի՞նչ պիտի անեմ այն ժամանակ, ի՞նչ պիտի լինի իմ դրությունը։ Ոչ, Վարինկա, դուք այդ գլխներիցդ հանեցեք։ Ինչնե՞րդ է պակաս։ Մենք սիրելով սիրում ենք ձեզ. դուք էլ մեզ եք սիրում, դե էլ ի՞նչ, ապրեցեք ձեզ համար հանգիստ, կար արեք և կարդացեք, ասենք կար էլ որ չանեք, միևնույն է, միայն թե մեզ հետ ապրեցեք։ Թե չէ, ինքներդ դատեցեք, ինչի՞ նման կլինի այդ այն ժամանակ... Այ, ես ձեզ համար գրքույկներ կճարեմ, իսկ հետո գուցե նորից որևէ տեղ կգնանք զբոսնելու։ Միայն թե դուք, ջանիկս, թողեք այդ միտքը, խելքի եկեք և դատարկ բաների հետևից մի՝ ընկնեք։ Ես ձեզ մոտ կգամ և շատ շուտով, միայն թե դուք իմ պարզ ու անկեղծ խոստովանությունն ընդունեցեք, լավ չէ, հոգյակս, բոլորովին լավ չէ։ Ես, իհարկե, ուսումնական մարդ չեմ, ինքս էլ գիտեմ, որ ուսումնական չեմ, սովորել եմ վայ-նաչարի, խոսքս էլ այդ մասին չէ, իմ մասին չէ, այլ այն մասին, որ ինչ ուզում եք ասեք, ես պիտի պաշտպան եմ Ռատազյայևին։ Նա բարեկամ է ինձ, դրա համար էլ պիտի պաշտպանեմ նրան։ Նա լավ է գրում, շատ, շատ և դարձյալ շատ լավ է գրում։ Համաձայն չեմ ձեզ հետ և ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել։ Գրված է ծաղկափթիթ, կտրուկ, ֆիգուրներով, զանազան մտքեր կան,— շատ լավ է։ Դուք գուցե առանց զգացումի եք կարդացել, Վարինկա, կամ քեֆներդ տեղը չի եղել կարդալիս, չարացած եք եղել Ֆեդորայի վրա, կամ որևէ բան է եղել փչացած ձեզ մոտ։ Չէ՛, հապա մեկ կարդացեք զգացումով, ավելի լավ, երբ որ գոհ եք և ուրախ և հոգեկան լավ տրամադրության մեջ եք գտնվում, ա՛յ, օրինակ, երբ որ կոնֆետ եք ուտում ձեր