Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրերը խիստ բարկացկոտ էին լինում, սիրտս ճմլվում էր․ լացս գալիս էր․ քաշվում էի մի անկյուն և լաց լինում մեն-մենակ, արցունքներս ծածկում, որ չասեն, թե ծույլ եմ, իսկ ես ամենևին նրա համար չէի լալիս, որ պետք է սովորեի։— Բայց ի՞նչ սովորեցի, և հետո պանսիոնից որ դուրս էի գալիս, այն ժամանակ էլ էի լաց լինում, երբ որ հրաժեշտ էի տալիս ընկերուհիներիս։ Ես լավ էլ չեմ անում, որ ծանր բեռ եմ դառել ձեր երկուսիդ էլ։ Այս միտքը մի տանջանք է ինձ համար։ Ես ձեզ անկեղծ կերպով ասում եմ այս բոլորը նրա համար, որ սովորել եմ անկեղծ լինել ձեզ հետ։ Մի՞թե չեմ տեսնում, որ Ֆեդորան ամեն օր վեր է կենում շատ վաղ, սկսում է լվացք անել և մինչև ուշ գիշեր աշխատում է,— այնինչ պառավ ոսկորները հանգստություն են սիրում։ Մի՞թե չեմ տեսնում, որ դուք ձեր վերջին կոպեկն ինձ վրա եք ծախսում․ այդ վեր է ձեր կարողությունից, իմ բարեկամ։ Գրում եք, թե ձեր վերջին ունեցածը կծախեք և ինձ կարիքի մեջ չեք թողնի։ Հավատում եմ, իմ բարեկամ, հավատում եմ ձեր բարի սրտին, բայց այդ այժմ եք այդպես ասում։ Այժմ դուք անսպասելի փողեր ունեք, պարգև եք ստացել. բայց հետո՞ ինչ կլինի, հետո՞։ Ինքներդ գիտեք, որ ես միշտ հիվանդ եմ․ ես չեմ կարող ձեզ պես աշխատել, թեև հոգովս ուրախ կլինեի, գործ էլ միշտ չի լինում։ Ուրեմն ի՞նչ է մնում ինձ։ Դարդահալ լինել նայելով ձեզ երկուսիդ։ Ինչո՞վ կարող եմ ձեզ գեթ մի չնչին օգուտ տալ։ Եվ ինչո՞ւ ես ձեզ այդքան անհրաժեշտ եմ, իմ բարեկամ։ Ի՞նչ մի լավ բան եմ արել ձեզ։ Ես միայն կապված եմ ձեզ հետ ամբողջ հոգովս, սիրում եմ ձեզ պինդ, սաստիկ, ամբողջ սրտովս, բայց դառն է իմ վիճակը, ես ընդունակ եմ սիրելու և կարող եմ սիրել, բայց միայն այդքան և ոչ թե բարիք գործել, հատուցանել ձեր բարերարությունների համար։ Մի՛ պահեք ինձ այլևս, թողեք գնամ, մտածեցեք և ասացեք ձեր վերջին կարծիքը։ Սպասելով մնում եմ

ձեզ սիրող
Վ. Դ.