Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հուլիս 1

Խելառություն, խելառություն Վարինկա, պարզ խելառություն։ Ձեզ որ թողնենք ձեր խելքով, էլ ինչ ու ինչ չեք մտածի։ Հա՛ այս այսպես չէ, հա՛ այն այնպես չէ։ Իսկ ես հիմա տեսնում եմ, որ այդ բոլորը խելառություն է։ Ախր ինչնե՞րդ է պակաս, ջանիկս, դուք միայն այս ասացեք։ Ձեզ սիրում են, դուք մեզ սիրում եք, մենք ամենքս էլ գոհ ենք և երջանիկ, էլ ի՞նչ։ Դե ի՞նչ պիտի անեք օտար մարդկանց մեջ։ Դուք դեռ երևի չգիտեք, թե ինչ է նշանակում օտար մարդ․․․ Ո՛չ, բարեհաճեցեք ինձ հարցնել, և ես ձեզ կասեմ, թե ինչ է նշանակում օտար մարդ։ Ճանաչում եմ նրանց, ջանիկս, լավ եմ ճանաչում, պատահել է կերել եմ նրա հացը։ Չար է նա, Վարինկա, չար, այնպես չար, որ սրտիկդ չի դիմանա, այնպես կմաշի նա իր հանդիմանություններով, նախատինքներով ու վատ հայացքով։ Մեզ մոտ դուք ապրում եք տաքուկ, լավ, ոնց որ բնի մեջ նստած ծիտիկ լինեք։ Մեզ էլ ի՛նչպես պիտի թողնեք անգլուխ։ Ի՞նչ պիտի անենք առանց ձեզ, այս ծեր տեղովս ի՞նչ պիտի անեմ այն ժամանակ։ Դուք մեզ հարկավոր չե՞ք։ Օգտակար չե՞ք։ Ինչպե՞ս չեք օգտակար։ Չէ՛, ջանիկս, ինքներդ դատեցեք, այդ ի՞նչպես է, որ օգտակար չեք։ Դուք ինձ շատ եք оգտակար, Վարինկա։ Դուք այնպիսի ազդեցություն ունեք, բարերար ազդեցություն... Ահա ես այժմ մտածում եմ ձեր մասին և ուրախ եմ։ Երբեմն նամակ եմ գրում և բոլոր զգացումներս արտահայտում նրա մեջ, մանրամասն էլ պատասխան եմ ստանում ձեզանից։— Շորի փոքրիկ պահարան առա ձեզ համար, գլխարկ, ձեզնից երբեմն որևէ բան եմ ստանում, ես էլ տալիս եմ․․․ Չէ՛, ի՞նչպես թե օգտակար չեք։ Ի՞նչ պիտի անեմ ես մենակ այս ծեր հասակումս և ինչի՞ պետք կլինեմ։ Դուք գուցե այս մասին չեք էլ մտածել, Վարինկա, չէ՛, դուք հենց այս մասին մտածեցեք, թե ինչի՞ պետք կլինի նա առանց ինձ։ Ես սովորել եմ ձեզ, բալիկս։ Թե չէ, ի՞նչ դուրս կգա սրանից։ Կգնամ Նևայի ափն ու պրծավ։ Հավատացնում եմ, Վարինկա, այսպես կլինի, որովհետև առանց ձեզ էլ ինչ կմնա ինձ անելու։ Ախ, հոգյակս, Վարինկա։ Երևի ուզում եք, որ ինձ սայլակի վրա գցեն