Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և տանեն Վոլկովո, որ ցեխի մեջ թրև եկող որևէ մի պառավ աղքատ կին մենակ հուղարկավորի իմ դագաղը, որ այնտեղ ինձ ավազի տակ թաղեն, հեռանան ու մենակ թողնեն ինձ այնտեղ։ Մեղք է, մեղք, ջանիկս։ Հավատացնում եմ, մեղք է, աստված է վկա, մեղք է։ Հետ եմ ուղարկում ձեզ ձեր գրքույկը, իմ բարեկամ Վարինկա, և եթե դուք, բարեկամդ իմ, հարցնեք իմ կարծիքը ձեր գրքույկի մասին, ապա կասեմ, որ կյանքումս չի պատահել, որ այդպիսի փառավոր գրքեր կարդացած լինեմ։ Այժմ հարցնում եմ ձեզ, ջանիկս, այս ի՛նչպես է եղել, որ ես մինչև այժմ ապրել եմ այնպես ապուշ, մեղա քեզ աստված։ Ի՞նչ եմ արել։ Ո՞ր անտառներից եմ եկել։ Ախր ես ոչինչ չգիտեմ, է՜, ջանիկս, բոլորովին ոչինչ չգիտեմ։ Ես ձեզ պարզ կասեմ, Վարինկա, ես ուսումնական մարդ չեմ, մինչև այժմ քիչ բան եմ կարդացել, շատ քիչ, համարյա ոչինչ․ Картина человека, խելոք հեղինակություն է, կարդացել եմ. Мальчик, наигрывающий разные штучки на колокольчиках, կարդացել եմ մեկել Ивиковы журавли — այսքանը միայն, ու էլ ուրիշ ոչ մի բան ոչ մի ժամանակ չեմ կարդացել։ Այժմ ես Станционный смотритель-ը այստեղ ձեր գրքույկի մեջ կարդացի։ Մի բան ասեմ, ձեզ, ջանիկս, այդ ինչպես է պատահում, որ մարդ ապրում է ու չի իմանում, թե քթի տակ մի գրքույկ կա, որի մեջ իր ամբողջ կյանքը սուփրի պես փռված է առջևը։ Եվ ինչո՞ւ առաջ իր խելքը չէր կտրում, թե հրես այո գրքույկը, որ սկսում է կարդար քիչ-քիչ համ հիշում է ամեն բան հա՜մ գտնել, հա՜մ հասկանալ։ Եվ, վերջապես, ահա թե դարձյալ, ինչու սիրեցի ձեր գրքույկը. լինում է մի տեսակ ստեղծագործություն, որ ինչքան կարդում ես, կարդում թեկուզ ճաքի ու բան չես հասկանում. այնքան խորամանկ կերպով է լինում գրված։ Ես, օրինակ, ես բութ եմ, ես բնությունից բութ եմ, այնպես որ չեմ կարող չափազանց կարևոր գրվածքներ կարդալ, իսկ այս որ կարդում եմ, կասես ինքս եմ գրել, կասես այս, օրինակի համար ասած, իմ սեփական սիրտն է, ինչպես որ կա, շուռ եմ տվել մարդկանց առջև ու ամեն բան նկարագրել մանրամասն, ահա թե ոնց։ Ու ինչքա՜ն էլ հասարակ բան է, աստված իմ, ինչքա՜ն