Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակ, հավատացնում եմ, ես էլ կգրեի այդպես, հա, ինչո՞ւ չէի գրի։ Չէ՞ որ ես էլ նույնն եմ զգում, հենց բոլորովին այնպես, ինչպես որ գրքույկի մեջ, և ինքս էլ երբեմն նույնպիսի դրությունների մեջ եմ գտնվել, ինչպես, օրինակի համար ասած, այդ խեղճ Սամսոն Վիրինը։ Ու ինչքա՜ն Սամսոն Վիրիններ են ման գալիս մեզնում, նույնպիսի անտեր, անտիրական, խեղճ ու կրակներ։ Եվ ինչքա՜ն հմուտ կերպով է նկարագրված ամեն բան։ Արտասուքը քիչ էր մնում խեղդեր ինձ, ջանիկս, որ կարդում էի, թե ինչպես խեղճը խելքը կորցնելու չափ իրեն արբեցողության էր տվել. ամբողջ օրը քնում էր ոչխարի մորթու քուրքը վրեն գցած, արաղ էր խմում դարդը մոռանալու համար ու լաց լինում ողորմելի կերպով, աչքերը կեղտոտ փեշով սրբելով, երբ որ հիշում էր իր մոլորված գառնուկին, իր Դունյաշա աղջկան։ Չէ, սա բնական է։ Մեկ կարդացեք, դա բնական է, ապրո՛ւմ է։ Ա՜յ, հենց Թերեզան, ասենք ինչ եմ հեռու գնում, հենց թեկուզ մեր խեղճ չինովնիկը, չէ՞ որ նա, գուցե թե, նույնպիսի Սամսոն Վիրին է,— միայն ազգանունն է ուրիշ — Գարշկով։ Դա ընդհանուր բան է, ջանիկս, ձեզ էլ, ինձ էլ կարող է պատահել։ Եվ մի որևէ կոմս, որ Նևսկու վրա կամ գետափին է ապրում, նա էլ նույնը կլինի, միայն ուրիշ ուրիշների առջև կձևացնի, թե կոմս է, որովհետև նրանք ամեն բանում իրենց սովորություններն ունեն, իրենց բարձր տոնը, բայց նա էլ նույնը կլինի, ամեն բան կարող է պատահել և ինձ էլ կարող է նույնը պատահել։ Ահա թե ինչ, ջանիկս, իսկ դուք ուզում եք մեզնից հեռանալ. բայց չէ՞ որ, Վարինկա, ես կարող եմ մեղքի մեջ ընկնել։ Կարող եք ձեզ էլ, ինձ էլ կործանել, բալիկս։ Ա՜խ դուք, իմ պայծառիկ, ի սեր աստծու, հանեցեք գլխներիցդ այդ ազատ մտքերը և մի տանջեք ինձ իզուր։ Դե՜, ինչպես կարող եք դուք իմ թույլ, չփետրավորված թռչնակ, ի՞նչպես կարող եք ինքներդ ձեզ կերակրել, կործանումից խուսափել, չարագործներից պաշտպանվել։ Թողեք այդ, Վարինկա, ուշքի եկեք, տխմար խորհուրդների և փսփսուկների ականջ մի դնեք, իսկ գրքույկը մի անգամ էլ կարդացեք, ուշադրությամբ կարդացեք, օգուտ կտա ձեզ։

Станционный смотритель-ի մասին խոսեցի Ռատազյայևի