Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հ. Գ. Գիտե՞ք, եթե մենք թատրոն գնալու լինենք, ես կծածկեմ իմ նոր գլխարկը, իսկ ուսերիս սև մանտիլիան։ Լավ կլինի, չէ՞։

Հուլիս 7

Ողորմած տիրուհի, Վարվաոա Ալեքսեևնա։

... Ահավասիկ ես դարձյալ երեկվանի մասին։— Այո՛, ջանիկս, կար ժամանակ, որ մենք էլ գժություններ էինք անում։ Սիրահարվել էի այդ դերասանուհու վրա, մինչև ականջներս սիրահարվել, և դեռ էլի ոչինչ, իսկ զարմանալին այն էր, որ ես նրան համարյա թե բոլորովին չէի տեսել և թատրոնումն էլ ընդամենը մի անգամ էի եղել, այնուամենայնիվ, սիրահարվել էի։ Այն ժամանակ ինձ հարևան ապրում էին չորս ստահակ ջահելներ։ Ընկերացա հետները, ակամա ընկերացա, թեև ինձ միշտ վայելուչ հեռավորության վրա էի պահում նրանցից։ Որպեսզի հետ չմնամ, ես ինքս էլ ամեն բանում խթխթում էի նրանց։ Ականջներս տարան՝ այնքան պատմում էին այդ դերասանուհու մասին։ Ամեն գիշեր, հենց որ թատրոն էր լինում, ամբողջ կամպանիան — հարկավոր բաների համար նրանք երբեք մի սև գրոշ էլ չէին ունենում — ամբողջ կամպանիան գնում էր թատրոն, գալերեյ, ու ծափահարում, ծափահարում, կանչում, կանչում այդ դերասանուհուն — ուղղակի կատաղում։ Իսկ հետո չէին թողնում, որ քնեմ. ամբողջ գիշեր նրա մասին էին խոսում, ամեն մեկը նրան իր Գլաշան էր անվանում, ամենքն էլ մենակ նրա վրա էին սիրահարված, ամենքի սրտումն էլ այդ մի հատիկ սոխակն էր։ Խելքահան արին նրանք ինձ էլ, անպաշտպանիս. այն ժամանակ ես դեռ ջահել էի։ Ինքս էլ չգիտեմ ինչպես եղավ, որ նրանց հետ ես էլ գնացի թատրոն. նստել էինք չորրորդ հարկում, գալերեյում։ Վարագույրի միայն ծայրն էի տեսնում ես, բայց ամեն բան լսում էի։ Իրավ է, դերասանուհին լավ ձայն ուներ — զրնգան, սոխակի, մեղրածոր ձայն։ Այնքան ծափ տվինք, որ ձեռներումս էլ ուժ չէր մնացել, բղավում էինք, բղավում, մի խոսքով՝ քիչ մնաց մեզ դուրս քշեին, ասենք՝ ճիշտ է, մեկին դուրս տարան։ Տուն եկա, ման էի գալիս շշմած. գրպանումս