Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառայում եմ անբիծ, վարքով ժուժկալ եմ, անկարգությունների մեջ երբեք չեմ նկատված։ Իբրև քաղաքացի, համարում եմ ինձ, իմ սեփական գիտակցությամբ, իբրև իմ թերությունները։ Բայց, ընդսմին, և իմ առաքինությունները ունեցող մարդ եմ։ Հարգված եմ իշխանությանս կողմից, և ինքը նորին գերազանցությունը գոհ է ինձանից. և թեպետ նա ցարդ բարեհաճության առանձին նշաններ չի ցույց տվել ինձ, բտյց ես գիտեմ, որ նա գոհ է։ Ապրել եմ այնքան, որ մազերս ճերմակել են. մեծ մեղքեր չունեմ։ Իհարկե, ո՞վ փոքր մեղքեր չունի։ Ամեն ոք մեղք ունի, և նույնիսկ դուք էլ մեղք ունեք, ջանիկս։ Բայց մեծ հանցանքների և հանդգնությունների մեջ երբեք չեմ նկատված, օրինակ, որևէ կարգադրության դեմ կամ հասարակական հանգստությունը խանգարելու մեջ, այսպիսի բանում ես երբեք չեմ նկատված, այդպիսի բան էլ չի եղել, նույնիսկ խաչ պիտի ստանայի,— է՜հ, ինչ ասեմ։ Այս բոլորը դուք պետք է որ գիտենայիք, ջանիկս, և նա էլ պետք է գիտենար,— մեկը որ գրիչը վերցնում է նկարագրելու, ուրեմն պետք է որ գիտենար բոլորը։ Ոչ, ես այդ չէի սպասում ձեզանից, ջանիկս, ոչ, Վարինկա։ Ա՜յ, հենց ձեզնից էր, որ չէի սպասում այդպիսի բան։

Ինչպե՜ս։ Ուրեմն սրանից հետո չի՞ կարելի, որ ապրես քեզ համար հանգիստ, քո անկյունում, ինչպես որ կա, ապրես ականջդ դինջ, առանց ոչ ոքի ձեռք տալու, աստծու վախը սրտումդ, ինքդ քեզ ճանաչելով, որպեսզի քեզ էլ ձեռք չտան, որպեսզի չմտնեն քո բունը տեսնելու, թե ի՞նչ ես անում այնտեղ, ունե՞ս արդյոք, օրինակ, լավ ժիլետ, ունե՞ս արդյոք ներքնաշորից ինչ որ հարկավոր է, ունե՞ս արդյոք կոշիկներ և ինչպիսի՞ տակեր ունեն նրանք. ի՞նչ ես ուտում, ի՞նչ ես խմում, ի՞նչ ես արտագրում... Դե, ի՞նչ գրելու բան է, ջանիկս, որ հենց թեկուզ ես, որտեղ որ սալահատակը վատ է, երբեմն անցնում եմ ոտներիս ծայրերի վրա, որպեսզի պահպանած լինեմ կոշիկներս։ Ի՞նչ հարկ կա գրելու ուրիշի մասին, թե նա երբեմն կարիքի մեջ է լինում, թեյ չի խմում։ Կարծես թե ամենքն էլ անպատճառ թեյ պիտի խմեն։ Ի՞նչ է, ես նայում եմ ամեն մեկի բերանին, թե ինչ է ծամում։ Ո՞ւմ եմ ես վիրավորել այդպես անելով։ Չէ, ջանիկս, ինչո՞ւ