Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հուլիս 27

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Վերջին անցքերը և ձեր նամակները վախեցրին, ապշեցրին ինձ և տարակուսանքի մեջ գցեցին, իսկ Ֆեդորայի պատմածները բացատրեցին ինձ բոլորը։ Բայց ի՞նչ հարկ կար այդպես հուսահատվելու և հանկարծ ընկնելու այնպիսի մի անդունդ, որի մեջ դուք եք ընկել, Մակար Ալեքսեևիչ։ Ձեր բացատրությունները բոլորովին չգոհացրին ինձ։ Տեսնում եք, ճիշտ չէի՞ ասում ես, երբ պնդում էի, թե պետք է վերցնեմ ինձ առաջարկած շահավետ պաշտոնը։ Բացի այդ իմ վերջին արկածն էլ քիչ չի վախեցնում ինձ։ Դուք ասում եք, թե ձեր՝ դեպի ինձ տածած սերն է ստիպել ձեզ ծածուկ պահելու ինձնից ձեր դրությունը։ Ես այն ժամանակ էլ արդեն տեսնում էի, որ շատ բանով պարտական եմ ձեզ, երբ դուք հավատացնում էիք, թե ինձ վրա ծախսում եք միայն ձեր հետ գցած փողերը, որոնք, ինչպես դուք էիք ասում, պահում էիք լոմբարդում սև օրվա համար։ Իսկ այժմ որ իմացար, թե դուք ոչ մի փող չեք ունեցել, թե պատահմունքով իմանալով իմ աղետալի դրությունը և այդ դրությունից զգացված, վճռել եք առաջուց վերցնել և ծախսել ձեր ռոճիկը, և նույնիսկ ծախել եք ձեր հագուստը, երբ որ ես հիվանդ էի,— այժմ ես, այդ բոլորը որ իմացա, այնպիսի մի տանջալից դրության մեջ եմ ընկել, որ մինչև այժմ չեմ իմանում, ինչպես ընդունեմ այդ բոլորը և ինչ մտածեմ այդ մասին։ Ա՜խ, Մակար Ալեքսեևիչ, դուք պետք է կանգ առնեիք ձեր առաջին բարերարություններից հետո, որ ներշնչել էին ձեզ կարեկցությունն ու ազգակցական սերը, և հետագայում չպետք է շռայլեք փողերը զուր տեղը։ Դուք դավաճանեցիք մեր բարեկամությունը, Մակար Ալեքսեևիչ, որովհետև անկեղծ չեք եղել ինձ հետ, և այժմ, երբ տեսնում եմ, որ ձեր վերջին կոպեկները ծախսել եք իմ արդուզարդի, կանֆետների, զբոսանքների, թատրոնի և գրքերի վրա,— ապա այդ բոլորն ինձ վրա էժան չի նստում այժմ, որովհետև զղջում եմ իմ աններելի թեթևամտության համար (որովհետև ես ձեզանից ամեն բան ընդունում էի, առանց հոգալու ձեր մասին), և այն ամենը, ինչով որ դուք ուզում էիք հաճույք