Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ փող փոխ առնել, թե չէ նրանք էլ ոչինչ։ Իսկ ի ամփոփումն իմ բացատրությունների, կասեմ ձեզ, ջանիկս, ձեր հարգանքը դեպի ինձ ես ամենից բարձր եմ համարում աշխարհիս երեսին և դրանով եմ մխիթարվում այժմ իմ ժամանակավոր անկարգությունների մեջ։ Փառք աստծու, որ առաջին հարվածը և առաջին ղալմաղալներն անցան, և դուք այս բանն ընդունեցեք այնպես, որ ինձ ուխտադրուժ բարեկամ և ինքնասեր չեք համարում այն բանի համար, որ ես ձեզ պահեցի ինձ մոտ և խաբում էի ձեզ, անկարող լինելով անջատվել ձեզնից և սիրելով ձեզ, ինչպես իմ հրեշտակիկին։ Ջանադիր կերպով եմ կպել այժմ ծառայությանս և պաշտոնս սկսել եմ կատարել լավ։ Եվստաֆիյ Իվանովիչը բնավ մի խոսք էլ չասաց, երբ երեկ անցնում էի կողքովը։ Չեմ ծածկի ձեզնից, ջանիկս, որ ինձ սպանում են պարտքերս և հագուստիս վատ դրությունը, բայց այս էլ վնաս չունի և այս մասին նույնպես աղաչում եմ ձեզ մի՛ հուսահատվեք, ջանիկս։ Ուղարկում եք դարձյալ հիսուն կոպեկ, Վարինկա, և այդ հիսուն կոպեկը սիրտս ծակեց։ Ուրեմն ահա թե բանը ոնց շուռ եկավ, ահա թե բանն ուր հասավ, այսինքն այս ես, ծեր հիմարս չեմ ձեզ, հրեշտակիկիդ օգնում, այլ դուք, իմ խեղճ որբիկ, ինձ։ Լավ է արել Ֆեդորան, որ փող է ճարել։ Ես առայժմ ոչ մի հույս չունեմ, ջանիկս, ստանալու, իսկ եթե որևէ հույս ծագի, այն ժամանակ ամեն բան կգրեմ մանրամասն։ Բայց բամբասանքները, բամբասանքներն են ինձ անհանգստացնում ամենից ավելի։ Մնաք բարով, իմ հրեշտակիկ։ Համբուրում եմ ձեր ձեռիկը և աղաչում եմ ձեզ առողջացեք։ Նրա համար չեմ գրում մանրամասն, որ շտապում եմ պաշտոնիս, վասնզի աշխատասիրությամբ և ջանադրությամբ ուզում եմ քավել իմ բոլոր հանցանքները և զանցառությունները ծառայությանս վերաբերմամբ. իսկ հետագա պատմություններս բոլոր անցքերի և օֆիցերների հետ ունեցած արկածիս մասին հետաձգում եմ մինչև երեկո։

Ձեզ հարգող և ձեզ սրտագին սիրող Մակար Դեվուշկին