Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Պաշտոնատեղումս էլ այսօր նստած էի արջի քոթոթի, փետրած ճնճղուկի պես, այնպես որ, քիչ էր մնում ամոթից գետինն անցնեի։ Ամաչում էի, Վարինկա։ Դե՜, իհարկե, ուզես-չուզես կամաչես, երբ որ շորիդ տակից մերկ արմունկներդ դուրս են պրծել, երբ որ կոճակներդ կախ են ընկել թելից։ Իսկ ես կարծես դիտմամբ այսպիսի անկարգ դրության մեջ էի։ Ուզես-չուզես հոգեպես կընկճվես։ Բայց ի՜նչ եմ ասում... Ինքը Ստեփան Կարլովիչն այսօր սկսել էր խոսել ինձ հետ գործի մասին, խոսում էր, խոսում ու կարծես պատահմամբ ավելացրեց, «է՛հ, Մակար Ալեքսեևիչ»․ և չշարունակեց մնացածը, ինչի մասին որ մտածում էր, այլ միայն ես ինքս ամեն բան հասկացա ու այնպես կարմրեցի, որ մինչև անգամ ճաղատ գլուխս էլ կարմրեց։ Այդ հո իսկապես ոչինչ բան է, բայց և այնպես անհանգստություն է պատճաոում, ծանր մտածողությունների առիթ է տալիս։ Չլինի՞ թե որևէ բան է իմացել նա։ Աստված մի՛ արասցե, թե իմացած լինի։ Խոստովանում եմ, ես կասկածում եմ, խիստ եմ կասկածում մի մարդուկի վրա։ Չէ՞ որ այդ չարագործների համար ոչ մի նշանակություն չունի, կմատնեն, քո ամրողջ մասնավոր կյանքը առանց մի գրոշի կմատնեն,— ոչ մի սրբություն չկա նրանց համար։

Այժմ ես գիտեմ ում բանն է այդ. դա Ռատազյայևի բանն է։ Նա որևէ մեկի հետ ծանոթ է մեր հաստատության մեջ և այնպես, խոսակցության ժամանակ, ի միջի այլոց, անշուշտ հաղորդել է նրան ամեն բան հավելվածներով. կամ գուցե պատմել է իր հաստատության մեջ և նրա պատմածը եկել հասել է մեր հաստատությունը։ Իսկ մեր տանը ամենքն ամեն բան գիտեն, և մատով ձեր պատուհանն են ցույց տալիս, այդ ես գիտեմ, որ ցույց են տալիս։ Իսկ որ երեկ գալիս էի ձեզ մոտ ճաշելու, ամենքը գլուխները դուրս էին հանել պատուհաններից, իսկ տանտիրուհին ասել էր, թե հրեն, սատանան կապվել է երեխայի հետ, և հետո ձեզ էլ անվայել անուն էր տվել։ Բայց այս բոլորը դեռ էլի վնաս չունի, եթե համեմատելու լինենք Ռատազյայևի մի քստմնելի մտադրության հետ, նա ուզում է ինձ ու ձեզ իր գրականության մեջ գցի և նուրբ զավեշտով մեզ նկարագրի. նա ինքն է այդ ասել, իսկ ինձ մերոնցից բարի մարդիկ հայտնեցին։ Ես էլ ոչ մի բանի