Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին մտածել չեմ կարողանում, ջանիկս, և չեմ իմանում ինչ անեմ։ Մեղքս ինչ թաքցնեմ, շարժել ենք տեր աստծու բարկությունը, հրեշտակիկդ իմ։ Դուք, ջանիկս, ուզում էիք ձանձրույթս փարատելու համար ինչ-որ գրքույկ ուղարկել։ Կորցրեք, չեմ ուզում, ջանիկս։ Ինչի՞ս է պետք։ Գիրքը սուտ բան է, վեպն էլ հիմար բան է, հիմարության համար է գրված, այնպես, պարապ-սարապ մարդկանց կարդալու համար. ինձ հավատացեք, ջանիկս, իմ բազմամյա փորձառությանը հավատացեք։ Եվ եթե ձեզ հետ որևէ Շեքսպիրով խոսեն, թե տեսնո՞ւմ ես, գրականության մեջ Շեքսպիր կա,— ապա Շեքսպիրն էլ է հիմար բան, այդ բոլորը կատարյալ հիմար բան է և բոլորը միայն պասկվիլի համար է արված։

Ձեր

Մակար Դեվաշկին
Օգոստոս 2

Ողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։

Մի՛ անհանգստանաք ոչ մի բանի մասին, տեր աստված կտա, ամեն բան կուղղվի։ Ֆեդորան իր համար էլ, ինձ համար էլ շատ գործ է ճարել, և մենք ուրախ-ուրախ նստել ենք գործի, գուցե թե ամեն բան կդրստենք։ Նա կասկածում է, թե իմ վերջին բոլոր անախորժություններին անմասն չէ Աննա Ֆյոդորովնան, բայց այժմ ինձ համար ողջ մեկ է։ Այսօր մի տեսակ անսովոր կերպով ուրախ եմ։ Դուք ուզում եք փող պարտք անել.— տեր մի արասցե. հետո պարտք տալու ժամանակ որ գա, այնքան խաթաների մեջ կընկնեք որ։ Ավելի լավ է, ձեզ հեռու մի պահեք մեզանից, շուտ-շուտ եկեք մեզ մոտ և ուշադրություն մի դարձնեք ձեր տանտիրուհու վրա։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մյուս թշնամիներին և անբարյացակամներին, ապա ես հավատացած եմ, որ դուք տանջվում եք զուր կասկածներով, Մակար Ալեքսեևիչ։ Տեսեք, ես հո ասում էի ձեզ անցյալ անգամ, որ ձեր ոճը չափազանց անհարթ է։ Դե՛, մնաք բարով, ցտեսություն։ Անպատճառ սպասում եմ ձեզ ինձ մոտ։

Ձեր

Վ․ Դ․