Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Օգոստոս 3

Իմ հրեշտակիկ, Վարվառա Ալեքսեևնա։

Շտապում եմ ձեզ հաղորդելու, իմ կյանքիկ, որ իմ մեջ մի քանի հույսեր են ծնվել։ Բայց սպասեցեք, դստրիկդ իմ,— գրում եք, որ պարտքեր չանեմ։ Աղավնյակդ իմ, անկարելի է, որ չանեմ, արդեն ես էլ վատ դրության մեջ եմ, ձեզ էլ, ով գիտե, հանկարծ որևէ բան չպատահի՞. չէ՞ որ դուք թույլ եք, ապա ուրեմն ասելս այն է, որ պարտք անել անպատճառ հարկավոր է։ Այսպես ուրեմն շարունակում եմ։

Նկատեմ ձեզ, Վարվառա Ալեքսեևնա, որ իմ պաշտոնատեղում ես նստած եմ Եմելյան Իվանովիչի կողքին։ Այս այն Եմելյանը չէ, որին դուք գիտեք։ Սա էլ ինձ պես տիտուլյարնի սովետնիկ է, և երկուսս էլ մեր ամբողջ հաստատության մեջ համարյա թե ամենահին, հիմնական ծառայողներն ենք։ Բարեհոգի մարդ է անկաշառ սրտի տեր, բայց լռակյաց և միշտ խեթ-խեթ է նայում։ Բայց, մյուս կողմից, գործունյա մարդ է, գիրը՝ մաքուր անգլիական ձեռագիր և ամբողջ ճշմարտությունը որ ասեմ, ինձնից էլ վատ չի գրում,— մի խոսքով՝ արժանավոր մարդ է։ Իրար երբեք չենք մոտեցել, այլ միայն այնպես, ըստ սովորականին, ցտեսություն և բարև ձեզ, մեկ էլ եթե երբեմն գանակ է հարկավորվում ինձ, ասում եմ՝ Եմելյան Իվանովիչ, խնդրեմ ձեր դանակը տաք ինձ, մի խոսքով՝ լինում էր միայն այն, ինչ որ պահանջում է հարևանությունը։ Ահա նա ասում է ինձ այսօր. Մակար Ալեքսեևիչ, այդ ի՞նչ եք այդպես մտահոգվել։ Տեսա, որ մարդը բարիք է ցանկանում ինձ, ու սիրտս բաց արի նրա առջև, թե էսպես ու էսպես բան, Եմելյան Իվանովիչ, այսինքն՝ հո բոլորը չասացի և աստված մի արասցե, երբեք էլ չեմ ասի, որովհետև ասելու սիրտ չկա, այլ այնպես միքանի բան հայտնեցի նրան, թե նեղ դրության մեջ եմ և այսպիսի բաներ։ «Պարտք վերցրե՛ք»,— ասում է Եմելյան Իվանովիչը,— այ, հենց թեկուզ Պյոտր Պետրովիչից, նա տալիս է տոկոսով. ես վերցրել եմ, և տոկոսն էլ չափավոր է, ծանր չէ»։ Այս որ իմացա, Վարինկա, սիրտս վերուվեր թռավ։ Մտածում եմ, մտածում, արի, ասում եմ, իսկապես դիմեմ Պյոտր Պետրովիչին, գուցե և կտա։ Ու ինքս