Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ հաշիվ եմ անում — հա՛մ տանտիրուհուն կվճարեմ, հա՛մ ձեզ կօգնեմ, հա՛մ էլ ինքս ոտով-գլխով կնորոգվեմ, թե չէ այս ի՞նչ խայտառակություն է, նստած տեղս ամաչում եմ։ Բացի այն, որ մեր ծաղրածուները ծիծաղում են ինձ վրա, աստված նրանց հետ, նորին գերազանցությունն էլ երբեմն անցնում է մեր սեղանի մոտով․ աստված մի արասցե, թե մի հայացք գցի ինձ վրա և նկատի, որ անկարգ եմ հագնված։ Իսկ նրա համար գլխավորը մաքրությունն է և վայելչությունը։ Նա գուցե թե ոչինչ էլ չասի, բայց ես կմեռնեմ ամոթից, ահա թե ինչ կլինի։ Հետևաբար, սրտապնդվելով և ամոթս պահելով ծակ գրպանիս մեջ, գնացի Պյոտր Պետրովիչի մոտ լի հույսերով և սպասելուց կես կենդան, կես մեռած, բոլորը մեկտեղ։ Ու ի՞նչ, Վարինկա, բոլորը փուստ դուրս եկավ։ Նա ինչ-որ զբաղված էր, խոսում էր Ֆեոդոսիյ Իվանովիչի հետ։ Մոտեցա կողքից և թևը քաշեցի, թե Պյոտր Պետրովիչ, ա՛ Պյոտր Պետրովիչ։ Նա հետ նայեց, իսկ ես շարունակում եմ, թե էսպես ու էսպես բան, մի երեսուն ռուբլի, և այլն։ Սկզբում չհասկացավ ինձ, իսկ հետո որ բացատրեցի ամեն բան, ծիծաղեց ու ոչինչ, լռեց։ Ես նորից նույնը։ Իսկ նա, թե գրավական ունե՞ք։ Ու քիթը տնկեց թղթի վրա։ Գրում է ու չի նայում ինձ։ Ես մի քիշ շփոթվեցի։ Չէ, ասում եմ, Պյոտր Պետրովիչ, գրավական չունեմ, ու բացատրում եմ, թե ա՜յ, ռոճիկս որ ստանամ, կտամ, անպատճառ կտամ, առաջին պարտքս կհամարեմ տալու։ Այստեղ նրան ով որ կանչեց — սպասեցի, վերադարձավ ու սկսեց գրիչը թրաշել, իսկ ինձ կարծես թե չի նկատում։ Իսկ ես շարունակ իմն եմ ասում. թե Պյոտր Պետրովիչ, չի՞ կարելի, որ մի կերպ անեք։ Լռում է, և կարծես թե չի լսում։ Կանգնեցի, կանգնեցի, ասի՝ փորձեմ վերջին անգամ, ու քաշեցի թևից։ Ձեն-ձուն չհանեց, գրիչը թրաշեց պրծավ ու սկսեց գրել։ Հեռացա քոռ-փոշման։ Նա, ջանիկս, գուցե թե արժանավոր մարդ էլ է, բայց գոռոզ է, շատ գոռոզ,— ի՞նչ կարող եմ ասել։ Մենք նրանց չենք հասնի, Վարինկա։ Ահա որա համար է, որ գրեցի ձեզ այս բոլորը։ Եմելյան Իվանովիչը նույնպես ծիծաղեց և գլուխը թափ տվավ, բայց հուսադրեց։ Եմելյան Իվանովիչն արժանավոր մարդ է։ Խոստացավ ուղարկել ինձ մի մարդու մոտ, այդ մարդը,