Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրերս դարձյալ գործ կճարի ինձ համար, այնպես որ, եթե մեծ տոկոսները խրտնեցնեն ձեզ, մի վախենաք, համաձայնեցեք։ Ես ձեզ բոլորը կվերադարձնեմ, միայն ի սեր աստծու, մի՛ թողնեք ինձ անօգնական։ Ինձ համար շատ ծանր է, որ անհանգստացնում եմ ձեզ այժմ, երբ դուք այդպիսի հանգամանքների մեջ եք, բայց իմ ամբողջ հույսը միմիայն ձեզ վրա է։ Մնաք բարով, Մակար Ալեքսեևիչ, և թող աստված հաջողի ձեզ։

Վ. Դ.
Օգոստոս 4

Աղավնյակդ իմ, Վարվառա Ալեքսեևնա։

Ահա այդ բոլոր անսպասելի հարվածներն են, որ ցնցում են ինձ։ Ահա այդպիսի սոսկալի աղետներն են, որ սպանում են իմ հոգին։ Բացի այն, որ այդ զանազան պնակալեզների և անպիտան ծերուկների խուժանը ձեզ, իմ հրեշտակիկին, հիվանդագին մահիճն է ուզում քցել, բացի այդ բոլորից նրանք, այդ պնակալեզները, ինձ էլ են ուզում հալումաշ անել։ Եվ հալումաշ կանեն, երդվում եմ, որ հալումաշ կանեն։ Ահավասիկ ես այժմ պատրաստ եմ ավելի շուտ մեռնել, քան թե ձեզ չօգներ։ Չօգնեմ ձեզ մահս է, Վարինկա, կատարյալ, իսկական մահս, օգնեմ — այն ժամանակ դուք կթռչեք ինձնից, ինչպես բնից կթռչի ծիտիկը, որին այդ բուերը, այդ գիշակեր թռչուններն ուզում են կտցել։ Ահա այս է, որ տանջում է ինձ, ջանիկս։ Դուք էլ, Վարինկա, դուք էլ այդ ինչ անգութն եք եղել։ Ինչպե՜ս թե։ Ձեզ չարչարում են, ձեզ վիրավորում են, դուք՝ իմ ծիտիկ, տանջվում եք և դեռ դարդ եք անում, թե պետք է ինձ անհանգստացնեք և խոստանում էլ եք, թե գործ կանեք, պարտքը կվերաղարձնեք, այսինքն, դրուստն որ ասենք, ձեր թույլ առողջությամբ պետք է ուժասպառ անեք ձեզ, որ պարտքը ժամանակին վերադարձնեք։ Մեկ մտածեցեք, Վարինկա, այդ ինչե՛ր եք ասում։ Ախր ինչո՞ւ կարեք, ինչո՞ւ աշխատեք, ձեր խղճուկ գլխիկը մտահոգությամբ տանջեք և ձեր առողջությունն սպանեք։ Ա՜խ, Վարինկա, Վարինկա, աղավնյակդ իմ, ես ոչ