Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտածի։ Այդպես, ուրեմն, կոշիկներ և աղլուխ կա։ Հիմա կոճակները։ Դուք էլ կասեք չէ՞, բալիկս, որ առանց կոճակների չի կարելի, իսկ առջևիս կոճակների համարյա թե կեսը թափվել են։ Դողը բռնում է ջանս, որ մտածում եմ, թե նորին գերազանցությունը կարող է նկատել այդ անկարգությունը և կասի, ով գիտե, ինչ կասի։ Ջանիկս, չեմ էլ լսի, ինչ կասի, որովհետև կմեռնեմ, կմեռնեմ, տեղնուտեղը կմեռնեմ, ուղղակի կվերցնեմ ու կմեռնեմ ամոթից, հենց մենակ այն մտքից, որ նա ինձ նկատողություն արեց։— Օ՜հ, ջանիկս։— Հա՛, բոլոր անհրաժեշտություններից կմնա դարձյալ մի երեք ռուբլիանոց, այդ էլ ապրուստիս և մի կես ֆունտ թամբաքուի, որովհետև, հրեշտակիկդ իմ, առանց թամբաքուի ես ապրել չեմ կարող, և ահա իններորդ օրն է, չիբուխը բերանս չեմ առել։ Խղճի տակ որ խոսենք, թամբաքու կառնեի, ձեզ էլ ոչինչ չէի ասի, բայց խիղճս չտվավ։ Դուք հրեդ դժբախտության մեջ եք, դուք զրկվում եք վերջին ունեցածից, իսկ ես այստեղ զանազան հաճույքներ եմ վայելում. այս բոլորն էլ նրա համար եմ ասում ձեզ, որ խիղճս չտանջի։ Ես ձեզ պարզ կերպով խոստովանում եմ, Վարինկա, ես այժմ ծայր աստիճան աղետալի դրության մեջ եմ, այսինքն՝ երբեք ինձ այսպիսի բան չի պատահել։ Տանտիրուհիս ատում է ինձ, ոչ ոքից ոչ մի հարգանք, սոսկալի պակասություններ, պարտքեր, իսկ պաշտոնատեղիս մասին, ուր ընկեր չինովնիկների պատճառով առաջ էլ բերանս չէր յուղոտվել, այժմ ջանիկս, ավելորդ էլ է խոսել։ Ես թաքցնում եմ, ամենքից խիստ թաքցնում եմ ամեն ինչ, և ինքս էլ թաքնվում եմ, պաշտոնատեղս էլ որ մտնում եմ, կողքանց եմ մտնում, ամենքից հեռու եմ պահում ինձ։ Այս միայն ձեզ է, որ հոգեկան ուժ եմ գտնում խոստովանվելու... Բայց որ հանկարծ չտա՞, այսինքն նա, որից ուզում եմ պարտք վերցնել։ Չէ՛, Չէ՛։ Վարինկա, ավելի լավ է չմտածեմ այս մասին և այսպիսի մտքերով առաջուց չսպանեմ հոգիս։ Այս նրա համար եմ գրում, որ նախազգուշացնեմ ձեզ, որպեսզի դուք էլ մտածեք այս մասին և չար մտքով չտանջվեք։ Ա՜խ, տեր իմ աստված, ի՞նչ պիտի անեք դուք այն ժամանակ։ Ասենք՝ այն էլ ճիշտ է, որ այն ժամանակ դուք այդ բնակարանից չեք տեղափոխվել, և ես ձեզ