Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ կլինեմ, բայց որ չտա, այն ժամանակ չեմ էլ վերադառնա, ուղղակի կկորչեմ, գլուխս կառնեմ ու կկորչեմ որևէ տեղ։ Ահա ես այստեղ գրելով զբաղվեցի, այնինչ պետք է սափրվել, սափրած դեմքը վայելուչ բան է, իսկ վայելչությունը միշտ կարող է ճամփա բանալ իր համար։ Դե, աստված հաջողի։ Աղոթք կանեմ ու ճամփա կընկնեմ։

Մ. Դեվուշկին
Օգոստոս 5

Ամենասիրելի Մակար Ալեքսեևիչ։

Գոնե դուք չհուսահատվեիք։ Մեր դարդն էլ հերիք է մեզ։ Ուղարկում եմ ձեզ երեսուն կոպեկ արծաթ, ավելին ոչ մի կերպ չեմ կարող։ Առեք ձեզ համար ինչ որ ամենից հարկավոր է ձեզ, որպեսզի գեթ մինչև վաղը մի կերպ յոլա գնաք։ Մեզ համարյա թե ոչինչ չմնաց, իսկ վաղն այդ չեմ իմանում ինչ կլինի։ Բանը վատ է, Մակար Ալեքսեևիչ։ Սակայն մի՛ տխրեք, չաջողվեց, չաջողվեց, ինչ անենք։ Ֆեդորան ասում է, թե վնաս չունի, կարելի է միառժամանակ էլ մնալ այս բնակարանում, եթե տեղափոխվեինք էլ, շատ չէինք շահվի, և եթե ուզենան, մեզ ամեն տեղ էլ կգտնեն։ Բայց միայն բանն այն է, որ, այնուամենայնիվ, մի տեսակ լավ չէ այժմ մեր այստեղ մնալը։ Եթե տխուր չլինեի, կգրեի ձեզ միքանի բաներ։

Ի՞նչ տարօրինակ բնավորություն ունեք, Մակար Ալեքսեևիչ։ Ամեն բան արդեն չափազանց շատ եք ձեր սրտին առնում, դրանից դուք միշտ ամենադժբախտ մարդը կլինեք։ Ես ուշադրությամբ կարդում եմ ձեր բոլոր նամակները և տեսնում եմ, որ ամեն մի նամակի մեջ իմ մասին այնպես եք տանջվում ու մտահոգում, ինչպես երբեք չեք մտահոգվել ձեր մասին։ Ամենքը, իհարկե, կասեն, որ դուք բարի սիրտ ունեք, բայց ես կասեմ, որ ձեր սիրտն արդեն չափազանց բարի է։ Ես ձեզ բարեկամական խորհուրդ եմ տալիս, Մակար Ալեքսեևիչ։ Ես ձեզնից շնորհակալ եմ, շատ եմ շնորհակալ այն ամենի համար, ինչ որ դուք արել եք ինձ համար. ես այդ բոլորը շատ լավ եմ զգում, ուրեմն ինքներդ դատեցեք՝ ինչ պիտի զգամ ես, որ տեսնում եմ, թե դուք