Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց այս բոլորով հանդերձ, ինքներդ վճռեցեք, ջանիկս, ինչպիսի կոշիկներով ես վաղը ծառայության պիտի գնամ։ Ահա թե ցավը որտեղ է, և չէ ՞ որ այսպիսի մի միտք մարդու կործանել կարող է, բոլորովին գործ անել։ Իսկ գլխավորը, բալիկս, այն է, որ ես ինձ համար չեմ դարդ անում, ինձ համար չեմ տանջվում, ինձ համար ողջ մեկ է, թեկուզ ճրթճրթացող սառնամանիքին առանց շինելի և առանց կոշիկների էլ ման գամ,— կտանեմ, ամեն բանի կդիմանամ, ինձ վնաս չի հասնի. ես հասարակ փոքր մարդ եմ.— բայց մարդիկ ի՛նչ կասեն։ Իմ թշնամիները, այդ բոլոր չար լեզուները ինչե՞ր չեն ասի, որ տեսնեն առանց շինելի եմ գնացել։ Չէ՞ որ մարդկանց համար ես շինելով մանգալիս։ Կոշիկներն էլ, գուցե նրանց համար են հագնում։ Կոշիկներն այս դեպքում, ջանիկս, հոգյակդ իմ, հարկավոր են պատիվս ու բարի անունս պահպանելու համար, իսկ ծակ կոշիկներով թե՛ մեկը և թե՛ մյուսը կորած է,— հավատացեք, ջանիկս, իմ երկարամյա փորձառությանը, հավատացեք, ինձ՝ աշխարհս ու մարդկանց ճանաչող ծերունուս լսեցեք, այլ ոչ թե որևէ գրող մրոտողի։

Իսկ ես ձեզ, ջանիկս, դեռ չեմ էլ պատմել մանրամասնաբար, թե այդ բոլորն իսկապես ինչպես եղավ այսօր, ինչեր կրեցի այսօր։ Այնքա՜ն բան անցավ գլխովս, հոգեկան այնքա՜ն տանջանքներ կրեցի միայն մեկ առավոտվա ընթացքում, որ ուրիշը մի ամբողջ տարում էլ չէր կրի։ Ա՛յ, բանն ինչպես էր. նախ, ծեգծգալի գնացի, որ նրան տանը գտնեմ և ծառայությունից չուշանամ։ Սաստիկ անձրև էր այսօր, ցեխ։ Ես, պայծառիկս, պինդ կոլոլվեցի շինելիս մեջ, գնում եմ ու ինքս ինձ ասում. տե՛ր, թողություն տուր իմ մեղքերին և ուղարկիր քո շնորհը, որ ցանկություններս կատարվեն։ Անցա ...-յան եկեղեցու մոտով։ Երեսս խաչ հանեցի, բոլոր մեղքերս խոստովանեցի և հիշեցի, որ ես արժանի չեմ տեր աստծու հետ խոսելու։ Խորասուզվեցի ինքս իմ մեջ և ոչ մի բանի չէի ուզում նայել, այսպես, առանց իմանալու ուր եմ գնում, գնացի։ Փողոցներում մարդ չէր երևում, պատահողներն էլ բոլորն այնպես զբաղված, բարկացած, թթված դեմքերով էին. ասենք՝ զարմանալու էլ չէ. ո՞վ այդպես վաղ և այդպիսի եղանակին դուրս կգար զբոսնելու։ Ցեխակոլոլ