Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշակների մի արտել հանդիպեց. դեն հրեցին ինձ բռի գյուղացիները։ Վախեցա, կուչ եկա, փողի մասին էլ, ճիշտն ասած, չուզեցի մտածել, ինչ կլինի, թող լինի։ Վոսկրեսենսկի կամուրջի մոտ կոշիկիս տակը պոկվեց, այնպես որ, ինքս էլ չգիտեմ ինչ հալով գնացի։ Իսկ այդտեղ մեր գրագիր Երմոլաևը հանդիպեց ինձ, շտկվեց, կանգնեց, աչքերով հետևում է, կասես արաղի փող է խնդրում, է՜հ, բարեկամ, ասում եմ ինքս ինձ, ի՜նչ արաղի ժամանակ ես գտել։ Սաստիկ հոգնել էի, կանգ առա, մի քիչ շունչս հետ բերի ու էլի ճամփես շարունակեցի։ Դիտմամբ դես ու դեն էի նայում, որ մտքովս մի բանի կպչեմ, զբաղվեմ, սիրտ տամ ինձ,— բան չունե՜ս, ոչ մի միտք, ոչ մի բանի վրա չկարողացա մեխել, այնքան էլ ցեխոտվեցի, որ ինքս ինձնից սկսեցի ամաչել։ Վերջապես հեռվից տեսա մի փայտաշեն տուն, դեղին մեզոնինով, բելվեդերի նման․ դե, ասում եմ, այս է որ կա, Եմելյան Իվանովիչին էլ այդպես էր ասում,— Մարկովի տունն է (այդ այն Մարկովն է, ջանիկս, որ տոկոսով փող է բաց թողնում)։ Այստեղ ես ինքս ինձ կորցրի ու թեև գիտեի, որ Մարկովի տունն է, բայց և այնպես հարցրի բուդոչնիկին— բարեկամ, ասում եմ, ո՞ւմ տունն է այս տունը։ Բուդոչնիկը, մի կոպիտ մարդ, չուզելով, կասես մեկի վրա բարկացած, փնթփնթում է քթի տակ, ո՞ւմը պետք է լինի, ասում է, Մարկովի տունն է։— Այդ բուդոչնիկները բոլորն էլ անզգա մարդիկ են,— ասենք, ի՜նձ ինչ,— բայց և այնպես տպավորությունը մի տեսակ վատ էր և անդուրեկան, մի խոսքով մեկը մյուսի նման, ամեն բանում քո դրության նման որևէ բան ես գտնում, և այս միշտ այսպես է լինում։ Տան մոտով ես երեք անգամ անցուդարձ արի փողոցում և քանի շատ եմ գնում ու գալիս, այնքան վատ եմ դառնում,— չէ, ասում եմ, չի տա, ոչ մի պայմանով չի տա։ Թե՛ անծանոթ մարդ եմ, թե՛ այս բանը հանաք բան չէ, հա՛մ էլ ինքս իմ կերպարանքով մի զատ չեմ։ Էհ, ասում եմ, ինչ կլինի, թող լինի, միայն թե հետո չփոշմանեմ, հո չե՞ն ուտելու ինձ, որ փորձեմ,— ու բակի դուռը կամաց բաց արի։ Ահա այստեղ էլ մի ուրիշ խաթա, բակի քոսոտ հիմար շունը վրա պրծավ ինձ, կաշուց դուրս է գալիս, հաչում, հա հաչում։ Ա՜յ, այսպիսի ստոր, մանր դեպքերն են, ջանիկս, որ միշտ կատաղեցնում