Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց, ա՛յ, Եմելյան Իվանովիչը,— մի խոսքով` բացատրում եմ, ինչ-որ հարկավոր է։ Ականջ դրեց մինչև վերջը,— չէ՛, ասում է, ի՛նչ անեմ, թե Եմելյան Իվ անովիչր, փող չունեմ ։ — Դե, մտածում եմ, այսպես, միշտ այսպես, գիտեի, որ այդպես էլ կլինի, առաջուց զգում էի։ Այնպես որ, Վարինկա, ավելի լավ կլիներ գետինը պատռվեր, ինձ իր ծոցն առներ. սառը պատեց ճակատիս, ոտներս փետացան, մեջքովս սարսուռ անցավ։ Ես նրան եմ նայում, նա ինձ է նայում և քիչ է մնում ասի, դե՛, բարեկամ, փասափուսեդ քաշի, գնա, էստեղ բան չունես,— այնպես որ եթե մի ուրիշ դեպքում այսպիսի բան լիներ, ուղղակի նամուսս չէր տա մնալու։ — Դե՛, ինչների՞դ է պետք, ի՞նչ եք անում փողը (տեսնո՞ւմ եք, ջանիկս, ինչեր է հարցնում)։ Հենց ուզում էի բերանս բաց անեմ, որպեսզի պարապ տեղը կանգնած չմնամ, ամենևին լսել էլ չուզեց — չէ՛, ասում է, փող չունեմ, թե չէ, ասում է, ուրախությամբ։ Սկսեցի խնդրել, աղաչել, ասում եմ, չէ՞ որ քիչ եմ ուզում, կտամ, ժամանակին կտամ, ժամանակից էլ առաջ կտամ, տոկոսն էլ ինչքան ուզում է թող վերցնի, և թե աստված է վկա կտամ։ Ես, ջանիկս, այդ րոպեին ձեզ հիշեցի, ձեր բոլոր դժբախտություններն ու կարիքները հիշեցի, ձեր հիսուն կոպեկանոցը հիշեցի,— չէ ասում է, տոկոսներն ինչ, ա՜յ, թե որ գրավական տաք, թե չէ ես փող չունեմ, աստված է վկա չունեմ, ես, ասում է ուրախությամբ,— դեռ երդում- կրակն էլ ընկավ ավազակը։

Դե՛, այստեղ արդեն, բալիկս, չեմ էլ հիշում թե ինչպես դուրս եկա, ինչպես անցա Վբորգսկայան, ինչպես հասա Վոսկրեսենսկի կամուրջը, հոգնեցի, սաստիկ մրսեցի, թրջվեցի և միայն ժամը տասին հազիվ հասա պաշտոնատեղս։ Ուզում էի շորերս մաքրեմ ցեխից, բայց Սնեգիրյով ծառան ասաց, թե չի կարելի, խոզանակը կփչացնես, իսկ խոզանակը, պարոն, կազյոննի է։ Այ թե ինչպիսի մարդիկ են, ջանիկս, այնպես որ ես այդ պարոնների մոտ ոտները սրբելու փալասից էլ վատ եմ։ Եվ ի՞նչն է ինձ սպանում, Վարինկա։ — Փողը չէ, որ սպանում է ինձ, այլ այս բոլոր առօրյա հուզումներր, այդ բոլոր փսփսուկները, ժպիտները, հանաքները։ Նորին գերազանցությունը կարող է պատահական կերպով, որևէ կերպ մի բան անել ինձ համար,— օ՜հ, ջանիկս,—