Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Օգոստոս 14

Մակար Ալեքսեևիչ, այդ ի՞նչ է պատահել ձեզ։ Երևի աստծուց չեք վախենում։ Դուք ուղղակի կխելագարեցնեք ինձ։ Ամոթ չե՞ք քաշում, Դուք կործանում եք ձեզ։ Մեկ մտածեցեք, թե ինչ անուն ունեք։ Դուք ազնիվ մարդ եք, վեհանձն, ինքնասեր, ի՞նչ կասեն, որ իմանան, թե ինչպես եք պահում ձեզ։ Ուղղակի պետք է մեռնեք ամոթից։ Թե չեք խղճում ձեր ճերմակ մազերը։ Չեք վախենում աստծուց, Ֆեղորան ասաց, թե այժմ արդեն այլևս չի օգնի ձեզ, ես ինքս էլ ձեզ փող չեմ տա։ Ա՜յ թե ուր հասցրիք ինձ, Մակար Ալեքսեևիչ։ Երևի կարծում եք, թե ինձ համար միևնույն է, որ դուք այդպես վատ եք պահում ձեզ. դուք դեռ չգիտեք էլ, թե ձեր պատճառով ինչ թուք ու մուր եմ կրում ես։ Մեր սանդուղքով վեր ու վար անել չեմ կարողանում, ամենքն ինձ են նայում, մատով են ցույց տալիս և այնպիսի սարսափելի բաներ ասում որ.— ուղղակի ասում են, թե ես կապվել եմ հարբեցողի հետ։ Լավ է, չէ՞, այսպիսի բաներ լսելը. Ձեզ որ տուն են բերում, բոլոր կենողներն արհամարհանքով են ձեզ մատով ցույց տալիս, ահա ասում են, բերին այն չինովնիկին։ Իսկ ես ամոթից մեռնում եմ ձեր պատճառով։ Երդվում եմ ձեզ, որ կտեղափոխվեմ այստեղից որևէ տեղ. աղախին, լվացարար կմտնեմ ու այստեղ չեմ մնա։ Ես ձեզ գրել էի, որ մտնեք ինձ մոտ, իսկ դուք չեկաք։ Ուրեմն, Մակար Ալեքսեևիչ, ձեզ համար ոչ մի նշանակություն չունե՞ն իմ արցունքներն ու խնդրանքները։ Եվ այդ ո՞րտեղից էիք փող ճարել։ Ի սեր ստեղծողի, զգուշացեք։ Չէ՞ որ կկորչեք, անմեղ տեղը կկորչեք. Եվ ի՜նչպիսի ամոթ, ի՜նչպիսի խայտառակություն։ Տանտիրուհին երեկ ձեզ ներս թողնել չուզեց. միջանցքում քնեցիք, ես ամեն բան գիտեմ։ Որ իմանայիք, թե որքան ծանր էր ինձ համար, երբ իմացա այս բոլորը։ Եկեք մեզ մոտ, ժամանակն ուրախ կանցկացնենք մեզ մոտ. միասին կկարդանք, կհիշենք հին-հին բաները։ Ֆեդորան կպատմի իր ուխտագնացություններից։ Թե ինձ սիրում եք, մի՛ կործանեք ձեզ, ինձ էլ մի՛ կործանեք։ Չէ՞ որ մենակ ձեզ համար եմ ապրում ես, ձեր պատճառով էլ մնում եմ ձեզ մոտ։ Հիմա ձեզ տեսնեմ։ Վեհանձն մարդ