Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բարօրություն, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես էլ առողջ եմ և բարօրության մեջ և մնում եմ, հրեշտակիկդ իմ, ձեր բարեկամ՝

Մակար Դեվուշկին


Օգոստոս 21

Ողորմած տիրուհի և սիրելի բարեկամ Վարվաոա Ալեքսեևնա։

Զգում եմ, որ մեղավոր եմ, զգում եմ որ մեղանչել եմ ձեր առջև և, ինձ որ հարցներ, ոչ մի օգուտ էլ չկա, ջանիկս, որ ես այս բոլորը զգում եմ, ինչ էլ որ ասելու լինեք։ Ես առաջ էլ զգում էի իմ արարքը, բայց ահա ընկճվել եմ հոգով, ընկճվել եմ մեղավորությունս գիտակցելով։ Ջանիկս, ես չար չեմ և ոչ էլ անգութ, իսկ ձեր սրտիկը պատռոտելու համար, աղավնյակդ իմ, պետք է լինել ոչ ավելի, ոչ պակաս, քան արյունարբու վագր, իսկ իմ սիրտը գառան սիրտ է, և ես, ինչպես ձեզ էլ է հայտնի, հակում չունեմ արյունարբության, հետևաբար, հրեշտակիկդ իմ, ես բոլորովին մեղավոր չեմ իմ արարքի համար, նույնպես, ինչպես և ո՛չ սիրտս, ո՛չ էլ մտքերս մեղավոր են, այլ այնպես, ես չգիտեմ էլ, թե ինչն է մեղավոր։ Մի ինչ-որ մութ բան է, ջանիկս։ Ինձ ուղարկել եք երեսուն կոպեկ արծաթ, հետո էլ քսան կոպեկ, սիրտս նվվաց, որ նայեցի ձեր որբ տեղովն ինձ ուղարկած փողերին։ Ինքներդ այրել եք ձեր ձեռիկը, շուտով սոված պիտի մնաք, իսկ գրում եք, որ ես թամբաքու առնեմ։ Դե՛, ի՞նչ անեի ես այսպիսի դեպքում։ Սկսեցի առանց խղճահարության, ավազակի նման, կողոպտել ձեզ, որբիկիգ։ Ահա այստեղ էր, որ ես ընկճվեցի հոգով, ջանիկս, այսինքն սկզբում, ակամա զգալով, որ ոչ մի բանի պետք չեմ և ինքս գուցե մի քիշ լավ եմ իմ կոշկատակից, անվայել բան համարեցի ինձ որևէ նշանակություն տալ, այլ ընդհակառակը, ինքս ինձ սկսեցի անվայել և մի որոշ աստիճանի էլ տգեղ բան համարել։ Ուրեմն, քանի որ կորցրի հարգանքը դեպի ինձ, քանի որ սկսեցի ուրանալ իմ բարի հատկությունները և արժանապատվությունը, այղտեղից էլ սկսվեց անկումը,