Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուստի աղաչում եմ ձեզ, այլևս չհետաքրքրվեք այս մասին, վասնզի սիրտս կտոր կտոր է լինում և ես լցվում եմ դառն ու ծանր զգացումներով։

Ուղարկում եմ ձեզ, ջանիկս, հարգանքիս հավաստիքը և մնում եմ ձեր հավատարիմ՝

Մակար Դեվուշկին
Սեպտեմբեր 3

Անցյալ անգամ նամակս չվերջացրի, Մակար Ալեքսեևիչ, որովհետև սիրտ չունեի գրելու։ Երբեմն րոպեներ են լինում, որ ուզում եմ մենակ մնալ, մենակ տխրել, մենակ քաշել իմ դարդերը, առանց ոչ ոքի մասնակից անելու, և այսպիսի րոպեներ ավելի ու ավելի հաճախ են պատահում ինձ, որ անբացատրելի մի բան է, որը գրավում է ինձ այնքան անհաշիվ, այնքան ուժգին, որ ես մի քանի ժամ շարունակ անզգա եմ մնում դեպի իմ ամբողջ շրջապատը և մոռանում եմ ամեն ինչ, ամբողջ ներկան։ Եվ չկա այժմյան կյանքիս մեջ հաճելի, թե ծանր կամ տխուր մի տպավորություն, որը չհիշեցնի ինձ որևէ նման մի բան անցյալի մեջ և ամենից հաճախ իմ մանկությունը, իմ ոսկի մանկությունը։ Բայց այսպիսի րոպեներից հետո սիրտս միշտ ծակծկվում է։ Ես մի տեսակ թուլանում եմ, ցնորքներս ուժասպառ են անում ինձ, իսկ առողջությունս առանց այն էլ ավելի ու ավելի վատանում է։ Բայց այսօր թարմ, փայլուն, պայծառ առավոտ է, որպիսին քիչ է լինում այստեղ աշնանը, և ես ուրախությամբ ընդառաջեցի։ Այսպես, ուրեմն, արդեն աշուն է մեզ մոտ։ Ի՜նչպես սիրում էի ես աշունը գյուղում։ Դեռևս երեխա էի, բայց այն ժամանակ էլ արդեն շատ բան էի զգում։ Աշնանային երեկոն ավելի էի սիրում, քան թե առավոտը։ Հիշում եմ, մեր տնից մի քանի քայլ հեռու, լեռան տակ, լիճ կար։ Այս լիճը կարծես այժմ էլ աչքիս առջևն է,— այս լիճն այնպես լայն, պարզ, մաքուր էր, ինչպես հախճապակի։ երբեմն, եթե երեկոն հանգիստ էր, լիճն էլ հանդարտ էր. ափին բսած ծառերը չեն շրշում, ջուրն անշարժ է, կարծես հայելի լինի։