Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տերևներն ահագին քանակությամբ պոկում կմախքացած ճյուղերից, պտույտ-պտույտ տալիս օդի մեջ և նրանց հետևից երկար, լայն, աղմկալի երամով, զիլ ծկլթոցներով սուրում են թռչունները, այնպես որ երկինքը սևանում է, և ամեն ինչ ծածկվում նրանցով։ Զարզանդում ես և այդ միջոցին կարծես լսում ես ինչ-որ մի ձայն, կարծես մեկը շշնջում է.— «վազի՜ր, փախի՛ր, մանո՜ւկ, մի՛ ուշանա, այստեղ սոսկալի կլինի իսկույն, փախիր, մանուկ» — սիրտդ ահ է ընկնում և վազում ես, վազում այնպես, որ շունչդ կտրվում է։ Հևալով տուն ես հասնում. տանը կենդանություն, ուրախություն է տիրում. բոլոր երեխաներիս գործի են դնում, սիսեռ կամ խաշխաշ բաժանում, որ կճեպները հանենք։ Թաց փայտերը ճրթճրթում են վառարանի մեջ. մայրիկս ուրախ հետևում է մեր ուրախ աշխատանքին, պառավ դայակը, Ուլյանան, պատմում է հին ժամանակներից կամ սարսափելի հեքիաթներ կախարդների և մեռելների մասին։ Երեխաներս պինդ կպչում ենք իրար, իսկ ամենքի դեմքին ժպիտ է խաղում։ Մեկ էլ հանկարծ լռում ենք ամենքս... սսս՜, աղմուկ, կարծես մեկը թրխկթրխկացնում է։ — Դատարկ բան. այդ պառավ Ֆլորովնայի ջահրան է դրդռում, ծիծաղը բռնում է ամենքիս։ Իսկ հետո գիշերը չենք քնում վախից, սարսափելի երագներ ենք տեսնում։ Երբեմն զարթնում ենք, չենք համարձակվում շարժվել և մինչև լույս դողում ենք վերմակի տակ։ Առավոտյան վեր ենք կենում թարմ, ինչպես ծաղիկ։ Նայում ենք պատուհանից դուրս, սառնամանիքը բռնել է ամբողջ դաշտը, բարակ աշնանային եղյամը կախվել է մերկացած ճյուղերից, թղթի պես բարակ սառույցով ծածկվել է լիճը. սպիտակ գոլորշի է բարձրանում լճից, ծլվլում են ուրախ թռչունները։ Արևը լուսավորում է շուրջդ ամեն ինչ պայծառ շողերով և շողերը ջարդում են ապակու պես բարակ սառույցը։ Ամեն ինչ լուսավոր, շողշողուն, ուրախ տեսք ունի։ Վառարանի մեջ նորից ճրթճրթում է կրակը, ամենքս նստում ենք սամովարի մոտ, իսկ պատուհաններից ներս է նայում գիշերը թրջված ու մրսած մեր Պոլկան շունը և պոչը շարժում։ Որևէ մի մուժիկ կայտառ ձին լծած անցնում է պատուհանների առջևով՝ անտառից