Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սեպտեմբեր 5

Աղավնյակդ իմ, Վարինկա։

Այսօր, հրեշտակիկդ իմ, ես շատ տպավորություններ կրեցի։ Նախ՝ գլուխս ամբողջ օրը ցավում էր։ Մի կերպ թարմանալու համար դուրս եկա Ֆոնտանկայում ման զալու։ Երեկոյան թխպոտ, խոնավ էր։ Ժամը վեցին արդեն մթնում է.— այսպես է այժմ։ Անձրև չկար, բայց մառախուղ էր, անձրևից էլ վատ։ Երկնքի երեսով երկար, լայն շերտերով անց էին կենում ամպերը։ Անհամար ժողովուրդ էր անցուդարձ անում գետափին և ինչպիսի ժողովուրդ, ամենքն էլ սարսափելի, տխրություն ազդող դեմքերով—հարբած մուժիկներ, քթատ չուխոնկա կանայք սապոգներով և գզգզված մազերով, արտելշչիկներ, կառապաններ, մեր չինովնիկներից ոմանք՝ որևէ կարիքի համար, փողոցային երեխաներ, փականագործի որևէ աշակերտ շերտավոր խալաթով, հարբած, կմախքացած, յուղի մեջ թաթախած դեմքով, կողպեքը ձեռքին, ծառայությունը լրացրած զինվոր մի սաժեն բարձրությամբ.— ահա թե ինչպիսի հասարակություն էր։ Երևի այնպիսի ժամանակ էր, որ ուրիշ տեսակ հասարակություն չէր էլ կարող լինել։ Նավագնաց ջրանցք—Ֆոնտա՜նկա։ Այնքան անհատնում նավակներ են, որ չես հասկանում, ո՞րտեղ կարող էին այդ բոլորը տեղավորվել։ Կամուրջների վրա նստած են թաց խմորեղեն և փտած խնձորներ ծախող կանայք, ամենքն էլ այնքան կեղտոտ ու թրջված։ Տխուր տպավորություն է թողնում Ֆոնտանկայում զբոսնելը։ Ոտներիդ տակ թաց գրանիտ, այս ու այն կողմը բարձր, սև, մրոտ տներ, ոտներիդ տակ մառախուղ, գլխիդ վերևը նույնպես մառախուղ։ Այնքան տխուր, այնքան խավար էր երեկոն այսօր։

Գորոխովայա որ վերադարձա, արդեն մթնել էր բոլորովին, և սկսել էին գազը վառել։ Վաղուց է, որ չէի եղել Գորոխովայում, չէր հաջողվում։ Աղմկալի փողոց է։ Ինչպիսի խանութներ, մագազիններ, հարուստ, բոլորը հուրհրատում են, վառվում. կտորեղեն, ծաղիկներ ապակիների հետևը, զանազան գլխարկներ ժապավեններով։ Կարծում ես, թե այդ բոլորը դարսված են հենց այնպես, գեղեցկության համար. ո՛չ, չէ՞ որ կան մարդիկ, որոնք առնում են այս բոլորը