Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նվիրում իրենց կանանց։— Հարուստ փողոց է, գերմանացի բուլոչնիկներ խիստ շատ են ապրում Գորոխովայում, պետք է որ նույնպես խիստ ունևոր ժողովուրդ լինի։ Որքան կառետներ են րոպե առ րոպե անցնում, սալահատակը ո՞նց է դիմանում այս բոլորի տակ։ Կառքերն այնքան շքեղ են, ապակիները ոնց որ հայելի. ներսը թավիշ ու մետաքս. լաքելները ազնվականների ուսադիրներով, սուրը կախած։ Ես նայում էի բոլոր կառեթների ներսը. բոլորի մեջ էլ տիկիններ են նստած, այնպես պճնված. գուցե և իշխանուհիներ և կոմսուհիներ են։ Անշուշտ այն ժամն էր, որ ամենքն էլ պարահանդեսներ ու ժողովներ էին շտապում։ Հետաքրրքրական է մոտիկից տեսնել իշխանուհի և առհասարակ ազնվազարմ տիկին. պետք է որ շատ լավ լինի. ես ոչ մի ժամանակ չեմ տեսել, տեսել եմ ա՜յ, այսպես, ինչպես հիմա, կառեթի ներսը նայելով։ Այդտեղ ես հիշեցի ձեզ։— Ախ, աղավնյակդ իմ, բալիկս, այժմ որ հիշում եմ ձեր մասին, ամբողջ սիրտս մղկտում է։ Ինչո՞ւ դուք, Վարինկա, այդքան դժբախտ եք։ Հրեշտակիկդ իմ, ախր ինչո՞վ դուք վատ եք նրանց բոլորից։ Դուք բարի եք, գեղեցիկ, գիտուն, ինչո՞ւ ուրեմն ձեզ այդպիսի չար բախտ է վիճակվել։ Ինչո՞ւ միշտ այնպես է պատահում, որ լավ մարդը մնում է երեսի վրա ձգված, իսկ մի ուրիշին բախտն ինքն է գնում կպչում։ Գիտեմ, գիտեմ, ջանիկս, որ այսպես մտածելը լավ չէ, որ սա ազատամտություն է, բայց անկեղծ կերպով որ խոսենք, ճշմարիտ իսկությունը որ ասենք, ինչո՞ւ մեկին դեռևս մոր արգանդում ճակատագիրը բախտավորություն է տալիս, իսկ մի ուրիշը լույս աշխարհ է գալիս չար աստղի տակ։ Այդ ի՞նչպես է լինում, որ բախտավորությունը հաճախ Իվանուշկա դուրաչոկին է վիճակվում և բախտն ասում է նրան,— դու, Իվանուշկա դուրաչոկ, ձեռքդ կոխիր պապերիդ տոպրակները, հանիր, կեր, խմիր, քեֆ արա, իսկ դու, այս-ինչ ու այն-ինչդ, միայն շրթունքներդ լպստիր, որովհետև ուրիշ բանի պետք չես։ Մեղք է, ջանիկս, մեղք է այսպես մտածելը, բայց ինչ արած, մարդ ակամա հոգուն մեղք է անում այսպիսի բաներ որ տեսնում է։ Ի՞նչ կլիներ, որ դուք էլ, բալիկս, պայծառիկս, անցնեիք այնպիսի կառեթով։ Ձեր բարեհաճ հայացքները կորսային. գեներալները, և ոչ թե մեզ