Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նման մարդիկ, ման կգայիք դուք ոչ թե քաթանի հնամաշ հագուստով, այլ մետաքսի և ոսկու մեջ պճնված։ Լղարիկ, չորիկ-մորիկ չէիք լինի, ինչպես հիմա, այլ շաքարահացի նման թարմ, կարմիր, փափլիկ։ Իսկ ես այն ժամանակ երջանիկ կլինեի հենց միայն նրանով, որ փողոցից աչքս կգցեի ձեր պայծառ լուսավորված պատուհաններին, որպեսզի ձեր գեթ ստվերը տեսնեի, մենակ այն միտքը, որ դուք երջանիկ եք և ուրախ, իմ լավ ծիտիկ, ինձ էլ կուրախացներ։ Իսկ հիմա ի՞նչ է։ Բավական չէ, որ չար մարդիկ ձեզ կործանել են, որևէ անպիտանի, անառակի մեկն էլ վիրավորում է ձեզ։ Թե ինչ է, ֆրակը կոկիկ նստած է նրա վրա, ոսկի լորնետի միջից է նայում ձեզ վրա այդ անամոթը, ուրեմն նա ամեն բան կարող է, ուրեմն նրա անվայելուչ խոսքերը պետք է լսել զիջողաբար։ Այդպես հա՞։ Իսկ ինչու է այդ այդպես։ Որովհետև դուք որբ եք, որովհետև դուք անպաշտպան եք, որովհետև դուք չունեք մի ուժեղ բարեկամ, որը ձեզ վայելուչ հենարան տար։ Եվ ի՞նչ մարդ է դա, ի՞նչ մարդիկ են դրանք, որոնց համար որբին վիրավորելը ոչինչ բան է։ Դրանք ոչնչություններ են և ոչ թե մարդիկ, ուղղակի ոչնչություններ. դրանք միայն մարդիկ են համարվում, այնինչ իսկապես մարդիկ չեն, ոչ, ես այդ բանում համոզված եմ։ Ահա թե ինչպիսի մարդիկ են դրանք։ Իսկ իմ կարծիքով, բալիկս, ա՜յ, այն շարմանշչիկը, որին այսօր հանդիպեցի ես Գորոխովայում, ավելի շուտ հարգանք է ներշնչում դեպի ինքը, քան նրանք։ Նա թեև ամբողջ օրը ման է գալիս, մի կերպ յոլա գնում, սպասում, որ մի անպետք, ժանգոտ դրոշ ստանա ապրուստի համար, բայց նա իր գլխի տերն է, իր հալալ աշխատանքովն է ապրում։ Նա ողորմություն խնդրել չի ուզում, այլ մարդկային հաճույքի համար է աշխատում, ինչպես լարված մեքենա, այսինքն թե ահա, ես էլ սրանով կարող եմ ձեզ հաճույք պատճառել։ Ճիշտ է, աղքատ է նա, աղքատ, մի՛շտ միևնույն աղքատը, բայց ազնիվ աղքատ է. նա հոգնում է, նա մրսում է, բայց միշտ աշխատում է, թեկուզ յուրավարի, բայց և այնպես աշխատում է։ Եվ շատ կան ազնիվ մարդիկ, ջանիկս, որոնք թեև իրենց աշխատանքի չափի և օգտակարության համեմատ քիչ են վաստակում, բայց ոչ ոքի առջև գլուխ չեն խոնարհում,