Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչո՞ւ այդ անպիտան մայրերը երեխաներին չեն խնայում և կիսամերկ այսպիսի ցրտին թուղթը ձեռքներն են տալիս ու փողոց ուղարկում։ Նա գուցե թե հիմար կնիկ է, բնավորություն չունի. բայց նրա համար գուցե թե աշխատող էլ չկա, ուստի և նստած է ծալապատիկ, գուցե և ճիշտ որ հիվանդ է։ Բայց թող դիմի ուր հարկավոր է. ասենք, գուցե թե պարզապես խաբեբա է, սոված ու տկլոր երեխային դիտմամբ ուղարկում է ժողովրդին խաբելու և խեղճ երեխային էլ հիվանդացնելու։ Եվ խեղճ երեխան էլ ի՞նչ պիտի սովորի այդ թղթերով: Միայն սիրտը պետք է չարությամբ լցվի. ման է գալիս նա, վազում, խնդրում։ Մարդիկ են անցնում, բայց ժամանակ չունեն։ Նրանց սրտերը քար են, խոսքերն անգութ։ «Դեն գնա, կորի, սուտ ես ասում»։— Ահա թե ինչ է լսում նա ամենքից, և երեխայի սիրտը լցվում է չարությամբ և իզուր դողում է ցրտում խղճուկ, վախեցած երեխան, քանդած բնից ընկած թռչնիկի նման։ Նրա ձեռքերն ու ոտները սառչում են, շունչը կտրվում։ Տեսնում ես. ըհը՝ հազում էլ է. հիվանդությունն էլ հեռու չէ. զզվելի օձի պես կմտնի նրա կուրծքը, իսկ հետո մեկ էլ տեսար մահը եկավ կանգնեց գլխին որևէ մի հոտած անկյունում, առանց խնամքի, առանց օգնության — ու դրանով էլ կվերջանա նրա ամբողջ կյանքը։ Ահա թե կյանքը ինչ տեսակ է լինում։ Օ՜հ, Վարինկա, ծանր է լսել «ի սեր Քրիստոսի»-ն մոտովն անցնել և, ոչինչ չտալով, ասել «աստված տա»։ Դեռ վնաս չունի մի տեսակ «ի սեր Քրիստոսին»-ն (և ի սեր Քրիստոսի-քն էլ զանազան տեսակ են լինում, ջանիկս)։ Մի տեսակը կա, որ երկար է, միալար, սովորական, բերան արած, ուղղակի մուրացիկի այս տեսակին դեռ այնքան էլ ծանր չէ, որ չես տալիս, դա երկարամյա, վաղուցվա մուրացկան է, արհեստով մուրացկան. դա սովոր է, ասում ես՝ կդիմանա և գիտե, թե ինչպես պիտի դիմանա։ Իսկ մի ուրիշ տեսակ «ի սեր քրիստոսի» էլ կա, որն անսովոր է, կոպիտ, սարսափելի,— ա՜յ. ինչպես այսօր, երբ երեխայից թուղթը վերցնելու վրա էի, հենց նույն տեղում ցանկապատի մոտ կանգնած էր մեկը, ամենքից ողորմություն չէր խնդրում, բայց ինձ ասաց. «Աղա, տուր ինձ մի գրոշ ի սեր Քրիստոսի». այնպիսի կցկտուր, կոպիտ ձայնով ասաց, որ ես ցնցվեցի ինչ-որ մի սարսափելի զզացումից,