Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց չտվի, չունեի։ Իսկ հարուստ մարդիկ չեն սիրում, որ աղքատները բարձրաձայն գանգատվում են իրենց թշվառ վիճակից,— իբր թե անհանգստացնում են, զահլա են տանում։ Այո՛, աղքատությունը միշտ էլ զահլա տանող է,— չլինի՞ թե նրանց սովի հառաչանքները խանգարում են քնել։

Խոստովանում եմ ձեզ, բալիկս, այս բոլորն սկսեցի նկարագրել մասամբ նրա համար, որ սիրտս հետ բերեմ, իսկ ավելի նրա համար, որ ձեզ ցույց տամ իմ շարադրութչունների լավ ոճի օրինակը։ Որովհետև, դուք ինքներդ էլ կխոստովանեք, ջանիկս, որ վերջերս իմ ոճը ձևավորվում է։ Բայց այժմ ինձ այնպիսի թախիծ է պատել, որ ես իմ մտքերին մինչև հոգուս խորքն սկսել եմ կարեկցել և թեև ինքս էլ գիտեմ, որ այդ կարեկցությամբ չեմ հաղթի, բայց և այնպես մի տեսակ կարդարացնեմ ինձ։ Եվ իսկապես, բալիկս, հաճախ ինքս ինձ, առանց որևէ պատճառի, ոչնչացնում եմ, գրոշի արժեք չեմ տալիս ինձ և մի տաշեղից էլ ցածր եմ դնում։ Իսկ եթե համեմատությամբ արտահայտվեմ, այդ գուցե նրանից է լինում, որ աչքս վախեցած է և հետ եմ հրված, ինչպես հենց թեկուզ այն խղճուկ երեխան, որ ողորմություն խնդրեց ինձնից։ Այժմ ես ձեզ օրինակի համար, այլաբանորեն կասեմ, ջանիկս. լսեցեք ինձ. պատահում է, որ վաղ առավոտյան, ծառայության շտապելիս, դիտում եմ, թե ինչպես քաղաքը զարթնում է, վեր է կենում, ծխում, եռում, աղմկում,— և այսպիսի տեսարանի առջև երբեմն այնպես եմ նվաստանում, որ կարծես թե մեկը շրմփցրեց հետաքրքիր քթիս, ու սուսուփուս շարունակում եմ ճանապարհս, ձեռքս թափ տալիս։ Այժմ, նայեցեք, թե ինչ է կատարվում այդ սև, մրոտ, մեծ, հաստահիմն տներում, խորացեք այդ բանում և այն ժամանակ ինքներդ դատեցեք, արդարացի՞ էր արդյոք, որ ես մի տաշեղից էլ ցածր էի դնում և անարժան կերպով շփոթվում։ Նկատեցեք, Վարինկա, որ ես այլաբանորեն եմ խոսում, ոչ ուղղակի իմաստով։ Հիմա տեսնենք՝ ինչ է կատարվում այդ տներում։ Այնտեղ որևէ մրոտ անկյունում, որևէ խոնավ խոզաբնում, որը կարիքի պատճառով բնակարան է համարվում, որևէ մի արհեստավոր քնից զարթնում է, իսկ երազում ամբողջ գիշերը