Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ պարծի՛ր խնդա, երբ նա հաղթության
Դրոշը արյունոտ կըբերե ծածան.
Իսկ եթե մեռած կըբերեն նորան,
Ո՜հ, մա՛յր, պարծի՛ր, լա՛ և օրհնիր նորան։

2 մարտի 1887.


ՆՎԵՐ Ա...-ԻՆ

Ո՜հ, անմի՛տ մարդիկ... Ուրախանում եք,
Հիացումը ձեզ գերում է անհուն,
Երբ այդ հանճարի ի բաց տեսնում եք
Դուք մի հրաշալի ստեղծագործություն։

Եվ ամեն անգամ երեխայական
Հպարտ պարծությամբ, խոսքով եռանդուն
Օտարների մոտ հիշում եք նորան
Եվ հռչակավոր նորա մեծ անուն։

Որովհետև այդ մեծանուն մարդու
Երակների մեջ ազգային արյուն
Գիտեք հոսում է։ Անմեղ, անմեղ դու,
Թշվա՛ռ ազգային հեք հպարտություն...

Այնինչ այդ մարդը օտարների մոտ,
Ո՛վ անմիտ մարդիկ, զգում է ամոթ,
Երբ նորան հայի տալիս են անուն
Կամ հատկացնում են այդ ազգի արյուն...

5 մարտի 1887.


ՄԵՆԱՍՏԱՆ

Որպես մի ամուր կարծր պատվանդան,
Որպես մի հզոր և անհաղթ պաշտպան —
Լերկ քարաժայռը յուր կուրծքի վրա
Հանգչեցնում է մեղմ մի սուրբ մենաստան։