Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի-երկու բաժակ թեյ խմելու։ Մեկ էլ տեսնեմ մտնում է ինձ մոտ Գարշկովը, մեր աղքատ կենողը։ Դեռ առավոտը նկատեցի, որ նա շարունակ ինչ-որ ման-ման է անում կենողների շուրջը և ինձ էլ ուզում էր մոտենալ։ Պետք է ասեմ, ջանիկս, որ նրանց ապրուստը իմ ապրուստից էլ շատ ու շատ վատ է։ Ի՜նչ եմ ասում, կին ունի, երեխաներ ունի։ Այնպես որ, ես որ Գարշկով լինեի, չեմ իմանում ճշմարիտ ինչ պիտի անեի նրա տեղ։ Այսպես ուրեմն մտավ իմ Գարշկովը, գլուխ է տալիս, աչքերը, ինչպես և միշտ, ճպռոտվել են, ոտները դես-դեն է շարժում ու ոչ մի խոսք չի կարողանում ասել։ Նստեցրի աթոռի վրա, ճիշտ է, կոտրած աթոռի, բայց, ինչ արած, ուրիշը չկար։ Թեյ առաջարկեցի։ Ներողություն խնդրեց, երկար ժամանակ ներողություն էր խնդրում, բայց և այնպես, վերջիվերջո, բաժակը վերցրեց։ Ուզում էր առանց շաքարի խմել, սկսեց նորից ներողություն խնդրել, երբ ես սկսեցի հավատացնել նրան, որ շաքար պետք է վերցնել. երկար ժամանակ վիճում էր, հրաժարվում, վերջապես իր բաժակի մեջ գցեց ամենափոքրիկ մի կտոր և սկսեց հավատացնել, թե թեյը սովորականից դուրս քաղցր է։ Է՜հ, մինչև որ աստիճանի նվաստացման է հասցնում մարդկանց աղքատությունը։— «Դե, ի՞նչ կա, ի՞նչ կհրամայեք»— ասացի ես նրան։— «էլ ի՞նչ կա, Մակար Ալեքսեևիչ,— ասաց,— բանս էսպես ու էսպես է ի սեր աստծու, օգնեցեք իմ թշվառ ընտանիքին, կինս, երեխաներս, ուտելու բան չկա, երևակայեցեք, թե մի հայր, այսինքն՝ ես, ինչ պիտի զգամ, որ այս ասում եմ»։ Ուզում էի խոսեմ, բայց նա խոսքս կտրեց. «ես,— ասում է,— ամենքից վախենում եմ այստեղ, Մակար Ալեքսեևիչ, այսինքն ոչ թե վախենում, այլ այնպես, գիտեք, քաշվում եմ. նրանք բոլորն էլ հպարտ և քթները վեր ցցած մարդիկ են։ Ես, ասում է, ձեզ նեղություն չէի տա. գիտեմ, որ դուք էլ անախորժություններ եք ունեցել, գիտեմ, որ դուք շատ տալ չեք էլ կարող, բայց գոնե մի քիչ փող տվեք. և նրա համար եմ, ասում է, համարձակվել խնդրելու ձեզ, որ ճանաչում եմ ձեր բարի սիրտը, գիտեմ, որ դուք ինքներդ էլ կարիքի մեջ եք եղել և հիմա էլ կարիքի մեջ եք, և այդ պատճառով էլ ձեր սիրտը կարեկցություն է զգում»։ Եզրափակեց նրանով, որ ասաց, թե ներեցեք իմ