Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդգնությունը և անքաղաքավարությունը, Մակար Ալեքսեևիչ։— Ես պատասխանում եմ նրան, թե հոգովս չափ ուրախ կլինեի, բայց ոչինչ չունեմ, բոլորովին ոչինչ։— «Մակար Ալեքսեևիչ, ասում է նա ինձ, ես շատ չեմ էլ խնդրում, իսկ իմ բանը էսպես ու էսպես է (այստեղ նա կարմրեց) — կինս, ասում է, երեխաներս սոված են — գոնե մի տասը կոպեկ»։ Դե՛, այստեղ արդեն սիրտս մղկտաց։ Հե՜յ, ասացի մտքումս, ինձնից էլ անց են կացել։ Իսկ մոտս մնացել էր ընդամենը քսան կոպեկ, հույսս էլ այդ քսան կոպեկի վրա էր․ ուզում էի վաղն իմ ծայրահեղ կարիքների վրա ծախսել։— «Ո՛չ, սիրելիս, ասում եմ, չեմ կարող, բանս էսպես ու էսպես է»։— «Խնդրում եմ, Մակար Ալեքսեևիչ, գոնե ինչքան ուզում եք,— ասում է,— գոնե տասը կոպեկ»։ Արկղիցս հանեցի ու տվի իմ քսան կոպեկը, ջանիկս. այսպես թե այնպես, բարի գործ էր։ Է՜հ, աղքատություն, աղքատություն։ Խոսակցության բռնվեցի նրա հետ, այդ ի՞նչպես է,— ասում եմ,— որ այդպես կարիքի մեջ եք և դեռ այդպիսի կարոտության մեջ էլ արծաթ հինգ ռուբլիով սենյակ եք վարձել։ Նա ինձ բացատրեց, թե կես տարի առաջ է վարձել և փողը վճարել առաջուց երեք ամսվա համար. բայց հետո հանգամանքներն այնպես են դասավորվել, որ խեղճը մնացել է ձեռքերը ծոցին։ Սպասում է եղել, թե իր դատը մինչև այդ ժամանակ կվերջանա։ Իսկ նրա դատն անհաճելի դատ է։ Նա, Վարինկա, ինչ-որ մի բանի համար դատի տակ է։ Գանգատ ունի ինչ-որ մի վաճառականի հետ, որը պետական աճուրդի մեջ խաբեբայություն է արել, խաբեբայությունը բացվել է, վաճառականին դատի են տվել, իսկ նա իր ավազակային գործի մեջ խառնել է և Գարշկովին, որը նույնպես ընկել է մի տեսակ պատահմունքով։ Ճիշտը որ ասենք, Գարշկովը մեղավոր է, որովհետև անփույթ է եղել, շրջահայաց չի եղել և աններելի կերպով աչքից բաց է թողել պետական գանձարանի շահերը։ Միքանի տարի է արդեն, որ դատը շարունակվում է, շարունակ զանազան արգելքներ են պատահում Գարշկովի դեմ։— «Իսկ անազնվության համար, որ բարդում են ինձ վրա,— ասում է ինձ Գարշկովը,— մեղավոր չեմ, ամենևին մեղավոր չեմ, խաբեբայության և կողոպտման համար մեղավոր չեմ»։ Այս գործը նրան մի