Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո նորից նայեց ինձ — լսում եմ, ասում է Եվստաֆիյ Իվանովիչին. «Այդ ի՞նչ է... մեկ նայեցեք ինչ դրության մեջ է... ինչո՞ւ է այդպես... ի՞նչ է դա...»։— Ախ, բալիկս, էլ խոսք կա՞, որ ասեմ։ Աչքի ընկա, չէ՞։ Լսում եմ, Եվստաֆիյ Իվանովիչն ասում է «նկատված չէ, ոչ մի բանում նկատված չէ, ու մի բանում նկատված չէ, վարքով օրինակելի է, ռոճիկը բավարար, ըստ կոպարի...»։ «Դե, թեթևացրեք դրան մի կերպ,— ասում է նորին գերազանցությունը։— Տվեք դրան էս գլխից...»։ «Վերցրել է,— ասում են,— վերցրել, ահա այսքան ժամանակվանը էս գլխից է վերցրել։ Երևի հանգամանքներն այդպես են, իսկ վարքը լավ է և նկատված չէ, ոչ մի ժամանակ նկատված չէ»։ Ես, հրեշտակիկդ իմ, այրվում էի, դժոխային կրակի մեջ այրվում։ Ես մեռնում էի.— «Դե, ասում է նորին գերազանցությունը բարձրաձայն, շուտով արտադրել։ Դեվուշկին, մոտ եկեք այստեղ, նորից արտադրեցեք առանց սխալի. բայց լսեցեք...». այստեղ նորին գերազանցությունը դարձավ մյուսներին, զանազան հրամաններ տվավ, և ամենքը ցրվեցին։ Հենց որ նրանք դուրս գնացին, նորին գերազանցությունը շտապով հանում է թղթապանակը և նրա միջից մեկ հարյուրանոց, «Ահա,— ասում է,— ինչով որ կարող եմ, համարեցեք, ինչ ուզում եք, վերցրեք...» ու ձեռքս կոխեց։ Ես, հրեշտակիկդ իմ, ցնցվեցի ամբողջ հոգիս տեղահան եղավ, չեմ իմանում, ինչ պատահեց ինձ. ուզում էի նրա ձեռքն առնել։ Իսկ նա ամբողջովին կարմրեց, աղավնյակդ իմ, և,— ահա այստեղ արդեն ես մի մազաչափ անդամ չեմ հեռանում ճշմարտությունից, բալիկս,— առավ իմ անարժան ձեռքը և ամուր սեղմեց, այո՛, այո՛, առավ և ամուր սեղմեց, կասես իրեն հավասար լինեի, կասես ես էլ իր նման գեներալ լինեի։ «Գնացեք,— ասում է,— ինչով որ կարող եմ... Սխալներ մի՛ անեք, իսկ այժմ մի կերպ յոլա գնացեք»։

Հիմա, ջանիկս, ահա թե ինչպես եմ վճռել, ձեզ ու Ֆեդորային խնդրում եմ, և եթե ես զավակներ ունենայի, ապա նրանց էլ կհրամայեի, որ աղոթք անեն աստծուն, այսինքն՝ ահա թե ինչպես, հարազատ հոր համար աղոթք չանեն, այլ նորին գերազանցության համար ամեն օր և հավիտյան աղոթեն։ Դարձյալ կասեմ, ջանիկս, և այս հանդիսավոր