Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անձուկ աշխարհի ազատ հոգսերից,
Ազատ և ունայն վայելչությունից,
Հեռու ամենից այնտեղ փակված են
Մատաղ կուսանքը մաքուր և անբիծ։

Ի զուր է զվարթ գարունը ծաղկում,
Պայծառ արևը ի զուր է փայլում.
Խաբուսիկ բնության խաբուսիկ դեղը
Զվարճատյաց կուսանց չնչին է թվում։

Ոչ մեղկ ոտները սրբապղծերի,
Եվ ոչ նենգ միտքը չար ոգիների
Երբեք կարող չեն վրդովել անդորր
Խաղաղությունը այն սրբավայրի։

Այնտեղ հանապազ ծխվում են խունկեր,
Հանապազ առկայծ վառվում են մոմեր
Եվ մաղթանքները, որպես խորտակված
Սրտի հառաչներ՝ առաքվում են վեր...

5 մարտի 1887.


ԼԱԼԿԱՆ ՄԱՐԴԻԿ

Բացում եմ աչքս, շրջահայում եմ,
Եվ, աստվա՛ծ իմ, այս ի՞նչ եմ տեսնում.—
Ահագին մարդիկ թթված դեմքերով
Հառաչում են և արցունք են թափում...
Ո՛վ անմեղ մարդիկ, ի՞նչ է պատահել,
Ո՞վ է ձեզ ծեծել, ինչո՞ւ եք լալիս,
Երեխայական այդ ի՞նչ վարմունք է,
Որ այդ հասակում դուք ցույց եք տալիս։
Մեկը ձայնում է — ո՜հ, ա՜խ և ավա՜ղ,
Դառըն է կյանքը, ծանր, անտանելի,
Այսքան վիշտ, հոգսեր ես ինչպե՞ս տանեմ.
                         Հուսահատված եմ,