Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպես էլ ասացի լսելի կերպով — թող փառավոր լինեն նորին գերազանցության գործերը։ Խոսում էի գրավիչ կերպով, տաքացած էի խոսում ու չէի կարմրում, ընդհակառակը, հպարտանում էի, որ առիթ ունեի այդպիսի բան պատմելու։ Ես ամեն բանի մասին պատմեցի (ձեր մասին միայն խոհեմաբար լռեցի, ջանիկս), թե իմ տանտիրուհու մասին, թե Ֆալդոնիի մասին, թե՛ Ռատազյայևի մասին, թե՛ կողիկներիս մասին, թե՛ Մարկովի մասին — ամեն բան պատմեցի։ Մի քանիսը ծիծաղում էին, հա՛, ճիշտ է, նրանք ամենքն էլ ծիծաղում էին։ Միայն, երևի թե իմ կերպարանքի մեջ որևէ ծիծաղելի բան էին գտել, կամ թե իմ կոշիկների մասին — հենց կոշիկներիս մասին։ Իսկ որևէ վատ մտադրությամբ նրանք չէին կարող անել այդ։ Այդ այդպես է, ջահելություն է, կամ նրա համար, որ նրանք հարուստ մարդիկ են, բայց վատ, չար մտադրությամբ ոչ մի կերպ չէին կարող իմ ճառը ծաղրել։ Այսինքն որևէ բան նորին գերազանցության վերաբերյալ — այդ ոչ մի կերպ չէին կարող անել նրանք։ Չէ՞, Վարինկա։

Ես մինչև հիմա էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մի տեսակ ուշքի գալ, ջանիկս։ Այս բոլոր անցքերն այնպես են շփոթեցրել ինձ։ Փայտ ունե՞ք դուք։ Ձեզ չմրսացնեք, Վարինկա, դժվար չէ մրսելը։ Օհ, ջանիկս, դուք ձեր տխուր մտքերով սպանում եք ինձ։ Ես աղոթում եմ աստծուն, ինչպես եմ աղոթում ձեզ համար։ Օրինակ, բրդի գուլպաներ ունե՞ք կամ տաք հագուստից որևէ բան։ Տեսեք, աղավնյակդ իմ, եթե որևէ բան հարկավոր լինի ձեզ, ի սեր ստեղծողի, դիմեցեք ինձ. թե չէ կնեղանամ։ Ուղղակի եկեք ինձ մոտ։ Հիմա վատ ժամանակներն անցել են։ Իմ մասին մի անհանգստանաք։ Առաջներս ամեն բան պարզ, լավ է։

Բայց ի՞նչ վատ ժամանակներ էին, Վարինկա։ Է՜հ, միևնույն է, անցան։ Տարիներ կանցնեն, այդ ժամանակների համար էլ հոգոց կքաշենք։ Հիշում եմ ջահելությանս տարիները։ Հե՜յ գիտի, հա՜։ Երբեմն կոպեկ էլ չէի ունենում։ Հադիս բան չունեի, սոված էի, բայց ուրախ։ Առավոտյան կանցնեի Նևսկով, կնայեի մի սիրունիկ դեմքի և ամբողջ օրը երջանիկ էի։ Սքանչելի, սքանչելի ժամանակ էր, ջանիկս։ Լավ բան է աշխարհիս երեսին ապրելը։ Մանավանդ Պետերբուրգում։