Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեկ ես արտասուքն աչքերիս մեղա էի գալիս աստծուն, որ տերը թողություն տա այդ տխուր ժամանակի բոլոր մեղքերիս — քրթմնջումներիս, ազատ մտքերիս, դեբոշիս և ազարտիս համար։ Ձեր մասին աղոթքիս մեջ հիշեցի հիացքով։ Մենակ դուք էիք, հրեշտակիկս, ինձ ուժ տալիս, մխիթարում ինձ, բարի խորհուրդներ ու խրատներ տալիս։ Այս բանը, ջանիկս, երբեք չեմ կարող մոռանալ։ Ձեր բոլոր նամակներն այսօր պաչպչորեցի, աղավնյակդ իմ։ Դե՛, մնաք բարով, ջանիկս։ Ասում են, այստեղ մոտերքը ծախու հագուստ կա։ Կգնամ տեսնելու։ Ուրեմն, մնաք բարով, հրեշտակիկդ, մնաք բարով։

Հոգով-սրտով ձեզ անձնվեր՝
Մակար Դեվուշկին


Սեպտեմբեր 15
Ողորմած տեր Մակար Ալեքսեևիչ։

Ես ամբողջությամբ սոսկալի դրության մեջ եմ։ Մեկ լսեցեք, թե ինչ է եղել մեզ մոտ։ Ինչ-որ ճակատագրական բան եմ նախազգում։ Ահա ինքներդ դատեցեք, իմ անգին բարեկամ. պարոն Բըկովը Պետերբուրգումն է։ Ֆեդորան հանդիպել է նրան։ Նա կառքով գնալիս է եղել, կառապանին հրամայել է կանգնեցրնել կառքը, մոտեցել է Ֆեդորային և սկսել է հարցուփորձ անել, թե որտեղ է ապրում։ Ֆեդորան սկզբում չի եղել ասելիս։ Հետո Բըկովը քմծիծաղով ասել է, թե ինքը գիտե ով է ապրում նրա մոտ (երևում է Աննա Ֆյոդորովնան է նրան ամեն բան պատմել)։ Այն ժամանակ Ֆեդորան չի համբերել և հենց այնտեղ ևեթ փողոցումն սկսել է նրան հանդիմանել, շշպրել, ասել է, թե նա անբարոյական մարդ է, թե նա է իմ բոլոր դժբախտությունների պատճառը։ Բըկովը պատասխանել է, թե երբ որ մարդ գրոշ չունի, իհարկե, դժբախտ կլինի։ Ֆեդորան ասել է նրան, որ ես կարող էի ապրել իմ ձեռքի աշխատանքով, կարող էի ամուսնանալ կամ թե որևէ տեղ ճարել ինձ համար, իսկ այժմ առ միշտ դժբախտացել եմ, հիվանդ եմ և շուտով կմեռնեմ։ Այս խոսքերի վրա Բըկովը նկատել է, թե ես դեռևս շատ ջահել եմ, թե