Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռ խելք չունեմ և թե մեր անունն էլ է կոտրվել (նրա խոսքերն են)։ Ես ու Ֆեդորան կարծում էինք, թե նա չգիտե մեր բնակարանի տեղը, բայց հանկարծ, երեկ, երբ ես նոր դուրս գնացած եմ եղել Գաստինիյ Դվորում բան-ման առնելու, նա մտնում է մեր սենյակը. կարծեմ նա չի ուզեցել ինձ տանը տեսնել։ Երկար հարցուփորձ է արել, թե ինչպես ենք ապրում, ամեն բան տնտղել է, տնտղել է իմ աշխատանքը, վերջապես հարցրել է.— այդ ի՞նչ չինովնիկ է, որ ծանոթ է ձեզ հետ։ Այդ միջոցին դուք անցնելիս եք եղել բակով. Ֆեդորան մատով ցույց է տվել ձեզ. նա մտիկ է տվել ու ծիծաղել. Ֆեդորան խնդրել է նրան, որ հեռանա, ասել է, որ ես առանց այն էլ հիվանդ եմ բարկությունից և թե ինձ համար խիստ անհաճելի բան կլինի, որ նրան մեր տանը տեսնեմ։ նա լռել է. ասել է, թե այդ կողմովն անցնելիս է եղել և մտել է հենց այնպես, ուզեցել է Ֆեդորային 25 ռուբլի տալ. Ֆեդորան իհարկե, չի վերցրել։— Ի՞նչ է նշանակում այս։ Ինչու է եկել մեզ մոտ։ Ես չեմ կարողանում հասկանալ, որտեղից նա ամեն բան գիտե մեր մասին։ Հազար ու մի ենթադրություններ եմ անում։ Ֆեդորան ասում է, թե Ակսինյան, իր տալը, որը գնում-գալիս է մեր տուն, ծանոթ է լվացարարուհի Նաստասյայի հետ, իսկ Նաստասյայի հորեղբոր տղան դռնապան է այն դեպարտամենտում, որտեղ ծառայում է Աննա Ֆյոդորովնայի քեռորդու մի ծանոթը։ Ահա այս այստեղից չի՞ ծագել արդյոք բամբասանքը։ Ասենք, շատ կարելի է, որ Ֆեդորան սխալվում էլ է, չենք իմանում, ինչ մտածենք։ Միթե նա նորից կգա մեզ մոտ։ Սարսափում եմ, որ մտածում եմ այս մասին, Ֆեդորան, որ երեկ պատմում էր այս բոլորը, ես այնպես վախեցա, որ քիչ մնաց ուշաթափվեի վախից։ Էլ ի՞նչ են ուզում ինձնից։ Ես չեմ էլ ուզում ճանաչել նրանց։ Ինչ գործ ունեն ինձ հետ, մի խեղճ աղջկա հետ։ Ա՜խ, ինչպիսի ահ ու դողի մեջ եմ այժմ, կարծում եմ, թե ահա, որտեղ որ է, կմտնի Բըկովը։ Ի՞նչ պիտի անեմ։ Էլ ի՞նչ նոր բան է պատրաստում ինձ համար իմ ճակատագիրը։ Ի սեր Քրիստոսի, եկեք ինձ մոտ հենց այժմ, Մակար Ալեքսեևիչ։ Եկեք, ի սեր աստծու, եկեք։

Վ. Դ.