Ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա։
Սույն թվիս մեր բնակարանում անպատմելի ցավալի, անբացատրելի և անսպասելի մի անցք պատահեց։ Մեր խեղճ Գարշկովը (պետք է ձեզ նկատեմ, ջանիկս) բոլորովին արդարացել էր։ Վճիռն արդեն վաղուց էր հանվել, իսկ այսօր նա գնացել էր լսելու վերջնական որոշումը։ Գործը նրա համար շատ բախտավոր կերպով էր վերջացել։ Ինչ մեղադրանք էլ որ բարձվել էր նրա վրա անփութության և անշրջահայեցոդության համար — բոլորի համար կատարյալ ներում էր դուրս եկել։ Վճռել էին վաճառականից նրա օգտին մի նշանավոր գումար առնել, այնպես որ նրա հանգամանքները խիստ լավացել էին, պատիվն էլ ազատվել էր բծից և ամեն բան լավացել էր,— այնպես որ ցանկությունն ամենակատարյալ կերպով կատարվել էր։ Այսօր նա տուն եկավ ժամը երեքին։ Երեսն իրանը չէր, գունատ, ինչպես քաթան, շրթունքները դողդողում են, իսկ ինքը ժպտում է — գրկեց կնոջը, երեխաներին։ Մենք ամենքս խմբովին գնացինք նրա մոտ շնորհավորելու նրան։ Նա խիստ զգացված էր մեր վարմունքից, գլուխ էր տալիս ամեն կողմը, սեղմում էր մեզնից ամեն մեկի ձեռքը մի քանի անգամ։ Ինձ նույնիսկ թվաց, թե նա հասակով բարձրացել է և շտկվել, և թե աչքերն էլ չեն ջրակալում։ Այնպիսի հուզման մեջ էր խեղճը։ Չէր կարողանում երկու րոպե տեղումն մնալ. վերցնում էր ամեն բան, ինչ որ պատահում էր, հետո նորից գցում, անդադար ժպտում էր և գլուխ տալիս, նստում էր վեր կենում, նորից նստում, խոսում էր, աստված գիտի՝ ինչ. ասում էր «պատիվս, պատիվս, բարի անունս, զավակներս»— ու ի՛նչպես էր ասում։ Մինչև անգամ լաց եղավ։ Մենք նույնպես մեծ մասամբ արտասվեցինք։ Ռատազյայևը երևի ուզում էր նրան քաջալերել և ասաց.— «պատիվն ի՞նչ կանես, երբ ուտելու բան չունես, փողը, փողն է գլխավորը, բարեկամ, ահա թե ինչի համար շնորհակալ եղեք աստծուց»— և այս ասելով խփեց նրա ուսին։ Ինձ թվաց, թե Գարշկովը վիրավորվեց, այսինքն՝ ոչ թե ուղղակի դժգոհություն հայտնեց, այլ միայն մի տեսակ օտարոտի նայեց Ռատազյայևին և նրա ձեռքը