Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերեց․ — փառք աստծու, շատ աշխատանք կա։ Միայն չեմ իմանում ինչպես գործի նստեմ, որովհետև այնքան վատ է գրված, որ չի կարդացվում. շուտ են ուզում։ Բոլորը ինչ-որ այնպես մի բանի մասին է գրված, որ կասես չի էլ հասկացվում... Թերթին 40 կ․ պայմանավորվեցինք։ Այս նրա համար եմ գրում ձեզ, բալիկս, որ հիմա կողմնակի փողեր էլ կշինեն։— Դե՛, հիմա մնաք բարով, ջանիկս։ Ես արդեն ուղղակի նստում եմ աշխատանքի։

Ձեր հավատարիմ բարեկամ Մակար Դեփոշկին

Սեպտեմբեր 23

Իմ թանկագին բարեկամ, Մակար Ալեքսեևիչ։

Երրորդ օրն է արդեն, իմ բարեկամ, որ ոչինչ չեմ գրել ձեզ, իսկ ես շատ-շատ հոգսեր ունեի, շատ ահ ու դող կրեցի։

Երեկ չէ, մեկել օրն ինձ մոտ էր Բըկովը։ Ես մենակ էի, Ֆեդորան գնացել էր ուր֊որ։ Դուռը ես բաց արի և նրան որ տեսա, այնպես վախեցա, որ չկարողացա տեղիցս շարժվել։ Զգացի, որ գույնս թռավ։ Նա մտավ, իր սովորության համաձայն, բարձրաձայն ծիծաղելով, մի աթոռ առավ ու նստեց։ Ես երկար ժամանակ չէի կարողանում ուշքս գլուխս հավաքել, վերջապես նստեցի անկյունում՝ իմ գործին։ Շուտով դադարեց ծիծաղելուց։ Կարծեմ իմ տեսքը զարմացրեց նրան։ Ես այնպես եմ նիհարել վերջին ժամանակս, այտերս ու աչքերս փոս են ընկել, թաշկինակի պես գունատ էի... իսկապես, ով ինձ մի տարի առաջ տեսել է, դժվար թե հիմա ճանաչի։ Նա երկար և պինդ նայում էր ինձ. վերջապես նորից ուրախացավ։ Ւնչ-որ բան ասաց, չեմ հիշում ինչ պատասխանեցի, և նա նորից ծիծաղեց։ Մի ամբողջ ժամ նստած էր ինձ մոտ. երկար խոսում էր ինձ հետ. հարցնում էր մի քանի բաների մասին։ Վերջապես, գնալուց առաջ, առավ ձեռքս և ասաց (ես ձեզ գրում եմ բառ առ բառ). «Վարվառա Ալեքսեևնա։ Խոսքը մեր մեջ մնա, Աննա Ֆյոդորովնան, ձեր ազգականուհին, իսկ իմ մոտիկ ծանոթուհին և բարեկամուհին, շատ ստոր կին է (այստեղ նրան մի անվայել