Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ կարդում, թե ռոմանները կործանում են ջահել աղջիկներին, թե գրքերը միայն բարոյականությունն են փչացնում և թե ինքը հանդուրժել չի կարող ոչ մի գիրք, խորհուրդ տվավ իր տարիքին հասնել և ապա թե՝ մարդկանց մասին խոսել. «այն ժամանակ ահա» ավելացրեց նա, «մարդկանց էլ կճանաչեք»։ Հետո ասաց, որ լավ մտածեմ իր առաջարկների մասին, թե ինքը շատ կնեղանա, որ ես այսպիսի մի կարևոր քայլ առանց մտածելու անեմ, ավելացրեց, թե անխոհեմությունը և ոգևորությունը կործանում են անփորձ ջահելությունը, բայց ինքը չափազանց ցանկանում է, որ ես նպաստավոր պատասխան տամ, թե, վերջապես, հակառակ դեպքում, ստիպված կլինի ամուսնանալ Մոսկվայում մի վաճառականի աղջկա հետ, որովհետև, ասում է նա, ես երդվել եմ անպիտան եղբորորդուս զրկել ժառանգությունից։ Նա զոռով հինգ հարյուր ռուբլի թողեց, ինչպես ինքն ասաց, կանֆետների համար. ասաց, թե գյուղում ես կհաստանամ բուլկու նման, թե իր մոտ իմ քեֆին քեֆ չի հասնի, թե հիմա ինքը չափազանց շատ զբաղված է, թե ամբողջ օրը գործերի հետևից է եղել վազվզելիս և թե հիմա ի միջի այլոց է մտել ինձ մոտ։ Այստեղ նա հեռացավ։ Ես երկար մտածում էի, ծանր ու թեթև անում ու մտածելով տանջվում. վերջապես վճռեցի։ Իմ բարեկամ, ես կամուսնանամ նրա հետ, ես պետք է համաձայնեմ նրա առաջարկին։ Եթե մեկը կա, որ կարող է ազատել ինձ իմ խայտառակությունից, վերադարձնել իմ անունը, հեռացնել ինձնից իմ աղքատությունը, զրկանքներն ու դժբախտություններն ապագայում, այդ միայն նա է։ Էլ ի՞նչ սպասեմ ապագայից, էլ ի՞նչ հարցնեմ ճակատագրիս։ Ֆեդորան ասում է, թե բախտին քացով չպետք է տալ. ասում է, թե բախտն էլ հենց այդ է, որ կա։ Ես գոնե ուրիշ ճանապարհ չեմ գտնում ինձ համար, անգին իմ բարեկամ։ Ի՞նչ անեմ։ Աշխատանքով առանց այն էլ բոլորովին փչացրել եմ առողջությունս, շարունակ աշխատել չեմ կարող։ Ծառայությա՞ն մտնեմ։— Դարդից կչորանամ. բացի դրանից ոչ ոքի խաթրն էլ չեմ առնի։ Ես հիվանդոտ եմ ի բնե, ուստի և մի ծանր բեռ կլինեմ օտար մարդկանց ձեռքին։ Իհարկե, ես այժմ էլ դրախտ