Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնում, բայց ի՞նչ անեմ, իմ բարեկամ, ճա՞րս ինչ է։ Ի՞նչ կա, որ ընտրություն անեմ։

Ես ձեզնից խորհուրդ չխնդրեցի։ Ուզում էի մենակ ծանր ու թեթև անեմ։ Վճիռս, որ այս րոպեին կարդացիք դուք, անփոփոխելի է, և այդ վճիռս անհապաղ հայտնում եմ Բըկովին, որն առանց այն էլ շտապեցնում է ինձ, վերջնական պատասխան տամ։ Նա ասաց, թե գործերը չեն սպասում, թե, պետք է գնա և թե հո չի՞ կարելի դատարկ բաների պատճառով հետաձգել։ Աստված գիտե, երջանի՞կ կլինեմ, թե ոչ. իմ ճակատագիրն աստծու սուրբ, անիմանալի զորության ձեռքին է, բայց ես վճռել եմ։ Ասում են, որ Բըկովը բարի մարդ է, նա կհարգի ինձ, գուցե թե ես էլ հարգեմ նրան։ Էլ ի՞նչ կարելի է դրանից ավելի սպասել մեր ամուսնությունից:

Տեղեկացնում եմ ձեզ ամեն բանի մասին, Մակար Ալեքսեևիչ։ Ես հավատացած եմ, որ դուք կհասկանաք իմ բոլոր դարդերը։ Մի՛ աշխատեք հեռացնելու ինձ իմ մտադրությունից։ Ձեր ջանքերն իզուր կլինեն։ Զեր սրտում կշռադատեցեք այն ամենը, ինչ որ ստիպել է ինձ այսպես վարվելու։ Սկզբում շատ էի անհանգստանում, բայց այժմ ավելի հանգիստ եմ։ Ի՞նչ կա առաջներս — չգիտեմ, ինչ լինում է, թող լինի, ինչպես աստված կտա։

Բըկովն եկավ, նամակս թողնում եմ կիսատ։ Էլի շատ բան էի ուզում ասել ձեզ։ Բըկովն արդեն այստեղ է։

Վ. Դ.
Սեպտեմբեր 23

Ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա։

Ես, ջանիկս, շտապում եմ ձեզ պատասխանել, ես, ջանիկս, շտապում եմ ձեզ հայտարարել, որ ես ապշած եմ։ Այդ բոլորը մի տեսակ ինչ-որ այն չէ... Երեկ մենք թաղեցինք Գարշկովին։ Հա՛, այդ այդպես է, Վարինկա, այդ այդպես է. Բըկովն ազնիվ կերպով է վարվել, միայն թե ահա տեսնո՞ւմ եք, բալիկս, դուք այդպես էլ համաձայնում եք։ Իհակե, ամեն բանում աստծու կամքն է, այդ այդպես է,