Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ դուք ուսում առած օրիորդ եք, առաքինի և զգայուն, բայց ավելի լավ կլինի, որ նա վաճառականի աղջիկ առնի։ Դուք ի՞նչ եք կարծում, ջանիկս, ավելի լավ կլինի, չէ՞, որ վաճառականի աղջիկ առնի։ Իմ Վարինկա, հենց որ մթնի, կգամ ձեզ մոտ մի ժամով։ Հիմա հո վաղ է մթնում, այնպես որ կգամ։ Ես, ջանիկս, մի ժամով անպատճառ կգամ ձեզ մոտ այսօր։ Ահա դուք հիմա սպասում եք Բըկովին, իսկ հենց որ նա գա, այն ժամանակ... Ա՜յ, սպասեցեք, ջանիկս, կգամ․․․

Մակար Դեվուշկին
Սեպտեմբեր 27

Իմ բարեկամ Մակար Ալեքսեևիչ։

Պարոն Բըկովն ասաց, թե ես անպատճառ երեք դյուժին շապիկ պիտի ունենամ հոլլանդական քաթանից։ Այնպես որ պետք է որքան կարելի է շուտով կարողներ գտնել երկու դյուժինի համար, իսկ ժամանակ շատ քիչ ունենք։ Պարոն Բըկովը բարկանում է. ասում է, թե այդ փալաս-փլուսները չափազանց ղալմաղալ բաներ են։ Մեր հարսանիքը հինգ օրից հետո է, իսկ հարսանիքի մյուս օրը գնում ենք։ Պարոն Բըկովն շտապում է, ասում է, թե հիմար բաների վրա շատ ժամանակ չպետք է կորցնել։ Ես հոգնել եմ դես-դեն վազելուց և հազիվ եմ ոտիս վրա կանգնում։ Սարսափելի շատ գործ կա, բայց, հավատացեք, ավելի լավ կլիներ, որ ոչինչ չլիներ։ Հա՛, մեկ էլ ինչ եմ ասում, բլոնդր և կրուժովան պակասում է, այնպես որ պետք է առնել, որովհետև պարոն Բըկովն ասում է, թե չի ուզում, որ իր կինը ման գա խոհարարուհու պես, և թե ես անպատճառ պետք է «սևացնեմ բոլոր կալվածատերերի կանանց»։ Այս նա ինքն է ասում։ Այսպես, ուրեմն, Մակար Ալեքսեևիչ, գնացեք, խնդրում եմ. մադամ Շիֆոնի մոտ Գորոխովոյե և խնդրեցեք, որ, նախ, սպիտակեղեն կարողներ ուղարկի մեզ մոտ և, երկրորդ, ինքն էլ գա։ Այսօր ես հիվանդ եմ։ Մեր նոր բնակարանում այնպես ցուրտ է և սարսափելի անկարգություն է տիրում։ Պարոն Բըկովի մորաքույրը հալից ընկել է պառավությունից։