Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և զմրուխտով շինել։ Պալան Բըկովն ասում է, թե չափազանց թանկ է։ Չարանում է, ասում է, թե առանց այն էլ գրպանում փող չի մնացել և թե մենք կողոպտում ենք իրեն, իսկ երեկ ասաց, որ եթե առաջուց իմանար, թե այսպիսի ծախսեր կլինեն, իսկի էլ չէր կապվի։ Ասում է, թե հենց որ պսակվենք, իսկույն կմեկնենք, թե հյուրեր չեն լինի և պարելու հույս չունենամ, թե տոները դեռ հեռու են։ Ահա թե ինչպես է խոսում նա։ Իսկ աստված էլ է տեսնում, որ ինձ հարկավոր չեն այդ բոլորը։ Ինքը պարոն Բըկովն է այդ բոլորը պատվիրել։ Ես՝ նրան պատասխանել չեմ համարձակվում, այնպես տաքարյուն մարդ է։ Երանի գիտենայի՝ ինչ է սպասում ինձ։

Վ. Դ.
Սեպտեմբեր 28

Աղավնյակդ իմ, Վարվառա Ալեքսեևնա։

Ես, այսինքն ականագործն ասում է — լավ․ իսկ ես սկզբում ուզում էի իմ մասին ասել, որ հիվանդացել եմ և չեմ կարողանում անկողնից վերկենալ։ Թարսի պես հիմա, որ անելու բան շատ կա, հարկավոր ժամանակ է, մրսել եմ, գրողը տանի։ Ծանուցանում եմ նույնպես, թե իմ դժբախտությունները բավական չէին, նորին գերազանցությունն էլ բարեհաճեց խիստ լինել և Եմելյան Իվանովիչի վրա շատ էր բարկանում ու բղավում և վերջը հոգնեց խեղճը։ Ահա և ես ծանուցանում եմ ձեզ այս բոլորի մասին։ Դարձյալ ուզում էի մի քանի բան գրել, միայն թե վախենում եմ նեղություն պատճառել ձեզ։ Չէ՞ որ, ջանիկս, ես հիմար, հասարակ մարդ եմ, գրում եմ, ինչ որ պատահում է, այնպես որ գուցե թե դուք ուրիշ բան կարծեք․ - է՜հ, էլ ի՞նչ ասեմ։

Ձեր
Մակար Դեվուշկին