Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Սեպտեմբեր 29

Վարվառա Ալեքսեևնա, բալիկս։

Այսօր Ֆեդորային տեսա, աղավնյակդ իմ։ Ասում է, թե վաղը ձեզ պսակում են արդեն, իսկ վաղը չէ մյուս օրը մեկնում եք և թե պարոն Բըկովն արդեն ձիեր է վարձում։ Նորին գերազանցության մասին արդեն ծանուցեցի ձեզ, ջանիկս։ Մեկ էլ — Գորոխովայի վրա գտնված խանութից ստացած հաշիվներն ստուգեցի, բոլորը ճիշտ է, բայց միայն շատ թանկ է։ Միայն ինչո՞ւ պարոն Բըկովը բարկանում է ձեզ վրա։ Դե՜, բախտավոր լինեք, ջանիկս։ Ես ուրախ եմ. այո՛, ես ուրախ կլինեմ, եթե դուք բախտավոր լինեք։ Ես եկեղեցի կգայի, ջանիկս, բայց չեմ կարող, մեջքս ցավում է։ Ես էլի նամակների մասին, հիմա ո՞վ պետք է մեր նամակներն իրար հասցնի, ջանիկս։ Հա։ Ֆեդորային դուք բարերարություն եք արել, բալիկս։ Այդ բարի գործ է, որ արել եք, իմ բարեկամ, այդ դուք շատ լավ եք արել։ Բարի գործ։ Իսկ ամեն մի բարի գործի համար տերը ձեզ կօրհնի։ Բարի գործերն առանց հատուցման չեն մնում և բարեգործությունը միշտ կպսակվի աստծու արդարության պսակով, վաղ թե ուշ։ Ջանիկս։ Կուզեի շատ բան գրել ձեզ. այսպես, ամեն ժամ, ամեն րոպե կուզեի գրել։ Ինձ մոտ դարձյալ մնացել է ձեր մի գրքույկը, «Повести Белкина»։ Գիտե՞ք ինչ, ջանիկս, այդ գրքույկը հետ մի՛ պահանջեք, նվիրեցեք ինձ, իմ աղավնյակ։ Այս նրա համար չեմ ասում, թե շատ եմ ուզում կարդալ։ Բայց ինքներդ էլ գիտեք, ջանիկս, ձմեռ է գալիս, գիշերները երկար կլինեն, տխուր, ահա դրա համար էլ կնստեմ կկարդամ։ Ես, ջանիկս, իմ բնակարանից կտեղափոխվեմ ձեր հին բնակարանը և կվարձեմ Ֆեդորայից։ Այդ ազնիվ կնոջից հիմա ոչ մի պայմանով չեմ բաժանվի, բացի դրանից, նա այնքան աշխատասեր է։ Ձեր դատարկ բնակարանը երեկ մանրամասն դիտեցի։ Այնտեղ, ինչպես որ դրած էր ձեր քարգան, նրա վրա էլ կարը, այնպես էլ կար ձեռք չտված, անկյունում։ Դիտեցի ձեր կարը։ Այնտեղ մնացել էին էլի զանազան կտորտանքներ։ Իմ մի նամակի վրա դուք սկսել էիք թելեր փաթաթել։ Սեղանի մեջ թղթի մի թերթիկ գտա, որի վրա գրված էր — «Ողորմած տեր, Մակար Ալեքսևիչ: Շտապում եմ»— ու էլ ոչինչ։ Երևում է որևէ