Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկն ընդհատել է ձեզ ամենահետաքրքիր տեղում։ Անկյունում պատվարի հետևը դրված է ձեր մահճակալը... Աղավնյակդ իմ։ Դե՛, մնաք բարով, մնաք բարով, ի սեր աստծու, շուտով մի բան պատասխանեցեք իմ այս նամակին։

Մակար Դեվուշկին
Սեպտեմբեր 30

Իմ անգին բարեկամ, Մակար Ալեքսեևիչ։

Ամեն ինչ վերջացավ։ Վիճակս որոշվեց, չգիտեմ ինչպիսի վիճակ, բայց ես հնազանդ եմ աստծու կամքին։ Վաղը մեկնում ենք։ Մնաք բարով եմ ասում ձեզ վերջին անգամ, իմ անգին բարեկամ, իմ բարերար, իմ հարազատ։ Դարդ մի՛ անեք ինձ համար, ապրեցեք բախտավոր, հիշեցեք ինձ և թող աստծու օրհնությունը իջնի ձեզ վրա։ Ես հաճախ կհիշեմ ձեզ մտքումս, աղոթքներիս մեջ։— Ահա և վերջացավ այս ժամանակը։ Անցյալիս հիշողություններից ես քիչ ուրախալի բան եմ տանելու իմ նոր կյանքի մեջ. այդ պատճառով էլ ավելի ևս թանկագին կլինի հիշողությունս ձեր մասին, ավելի ևս թանկագին կլինեք դուք ինձ համար։ Դուք իմ միակ բարեկամն եք. այստեղ մենակ դուք էիք սիրում ինձ։ Չէ՞ որ ես ամեն բան տեսնում էի, չէ՞ որ գիտեի, թե որքան էիք սիրում ինձ։ Իմ մի ժպիտը, նամակիս մի տողը ձեզ երջանկություն էր պատճառում։ Դուք հիմա պետք է մոռանաք ինձ։ Ի՞նչպես պետք է մենակ մնաք այստեղ։ Ո՞ւմ հուսով եք մնալու այստեղ, իմ բարի, թանկագին, միակ բարեկամ։ Թողնում եմ ձեզ գրքույկը, քարգան, սկսած նամակը, երբ որ նայեք այդ սկսված տողերին, մտքով շարունակեցեք կարդալ այն ամենը, ինչ որ կկամենայիք լսել կամ կարդալ ինձնից, այն ամենը, ինչ որ կգրեի ձեզ, իսկ ինչ չէի գրիլ ձեզ հիմա։ Հիշեցեք ձեր խեղճ Վարինկային, որն այնքան սաստիկ սիրում էր ձեզ։ Ձեր բոլոր նամակները մնացին Ֆեդորայի կամոդում, վերևի արկղում։ Գրում եք, թե հիվանդ եք, իսկ պարոն Բըկովը չի թողնում, որ այսօր որևէ տեղ գնամ։ Ես ձեզ կգրեմ, իմ բարեկամ, խոստանում եմ, որ կգրեմ, բայց միայն աստված գիտե, թե ինչ կարող է պատահել։ Այսպես ուրեմն, այժմ հրաժեշտ տանք իրար առմիշտ, իմ բարեկամ, իմ սիրելի, իմ հարազատ բարեկամ, առմիշտ... Օ՜հ, ինչպես հիմա կգրեի ձեզ։ Մնաք բարով,