Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ բարեկամ, մնաք բարով, մնաք բարով։ Ապրեցեք բախտավոր, ողջ ու առողջ։ Իմ աղոթքը հավիտյան ձեզ համար կլինի։ Օ՜, ինչքան տխուր եմ, ինչպես ճնշված է ամբողջ հոգիս։ Պարոն Բըկովը կանչում է ինձ։

Ձեզ հավիտյան սիրող՝

Վ.

Հ. Գ. Հոգիս այնքան լիքն է, այնքան լիքն է հիմա արրցունքներով... Արցունքները խեղդում, պատառոտում են ինձ։ Մնաք բարով։ Տե՛ր իմ աստված, որքան տխուր եմ։

Հիշեցե՛ք, հիշեցե՛ք ձեր խեղճ Վարինկային։

Ջանի՜կս, Վա՜րինկա, աղավնյա՜կդ իմ, թանկագի՜նդ իմ։ Ձեզ տանում են, դուք գնո՜ւմ եք։ Դե, ավելի լավ է հիմա սիրտս պոկեն կրծքիցս, քան թե ձեզ՝ ինձանից։ Այդ ի՞նչպես թե։— Ահա, դուք լաց եք լինում և գնում եք։ Ահա այս րոպեին ձեզնից նամակ ստացա, ամբողջովին արցունքով թրջված։ Նշանակում է, չեք ուզում գնալ, նշանակում է, զոռով են տանում ձեզ, նշանակում է, խղճում եք ինձ, նշանակում է, սիրում եք ինձ։ Բայց ի՞նչպես թե, ո՞ւմ հետ պետք է լինեք այժմ։ Այնտեղ տխուր կլինեք, սիրտներդ վեր չի գա։ Դարդը կկրծի ձեր սիրտը, միջից կես կանի։ Դուք կմեռնեք այնտեղ, սառը հողը կդնեն ձեզ, ոչ ոք էլ չեք ունենա այնտեղ, որ լաց լինի ձեզ վրա։ Պարոն Բըկովը ամբողջ ժամանակ նապաստակներ կլինի որսալիս... Ախ, ջանիկս, ջանիկս, այդ ի՞նչ արիք, ի՞նչպես կարողացաք այդպիսի բան վճռել։ Այդ ի՞նչ արիք, ի՞նչ արիք, այդ ի՞նչ բերիք ձեր գլխին։ Ախր ձեզ գերեզման կդնեն այնտեղ. նրանք ձեզ կսպանեն այնտեղ, հրեշաակիկդ իմ։ Չէ՞ որ, ջանիկս, դուք թույլ եք փետուրի պես։ Վա՜յ, մեռնի իմ գլուխը, ո՞րտեղ էի ես։ Էլ ի՞նչ բանի էի նայում ես, հիմարս։ Տեսնում եմ, երեխան խելառություն է անում, գլուխը ցավում է։ Դրանից էլ հեշտ բա՞ն,— բայց չէ որ, չէ. ինչպես որ հիմար էի, այնպես էլ հիմար մնացի, ոչինչ չմտածեցի, ոչինչ չտեսա, կասես թե, իրավունք ունեի, կասես թե գործն ինձ չէր վերաբերում, և դեռ վազվզում էլ էի ֆալբալայի հետևից... Չէ՛, Վարինկա, ես վեր կկենամ, մինչև վաղը վեր կկենամ, գուցե թե, կառողջանամ և վեր կկենամ... Ես, ջանիկս, անիվների տակ կգցեմ ինձ, չեմ թողնի, որ գնաք։ Բայց ո՛չ, իսկապես